Բրիտանիայում ուզում են արգելել հղիության 9-րդ շաբաթում երեխայի սեռը որոշող թեստ անցկացնել

1 մարտի, 2017  16:17

Բրիտանական հասարակական կազմակերպությունները կոչ են անում արգելել արյան անալիզ ընդունելը, որի միջոցով հնարավոր է արդեն հղիության 9-րդ շաբաթում որոշել երեխայի սեռը: Նրանց խոսքով՝ այդպիսի արգելքը կարող է նպաստել սեռով պայմանավորված աբորտների թվի նվազեցմանը:

Մի քանի խոշոր հասարակական կազմակերպություններ նշում են, որ շատ մասնավոր կլինիկաներ ապագա ծնողներին ոչ ինվազիվ թեստ են առաջարկում, այսինքն՝ արյան այնպիսի անալիզ, որի հիման վրա կարելի է ոչ միայն իմանալ  երեխայի որոշ գենետիկ հիվանդությունների, այլեւ սեռի մասին: Արդյունքում՝ որոշ ծնողներ, ովքեր ցանկանում են որդի ունենալ, դիմում են հղիության արհեստական ընդհատման, երբ իմանում են, որ աղջիկ է ծնվելու:

Սակայն որոշ փորձագետներ նման արգելքի կիրառումն արդարացված չեն համարում՝ նշելով, որ այդ թեստի օգնությամբ հնարավոր է պտղի մոտ ախտորոշել նաեւ Դաունի, Պատաուի եւ Էդվարդսի սինդրոմները: Որոշ փորձագետների կարծիքով՝ կարելի է նման թեստ անցկացնել միայն ռիսկային խմբում գտնվող հղիների դեպքում, իսկ մեծ մասին այդ թեստն ընդհանրապես հարկավոր չէ: 

Նշենք, որ Հայաստանում եւս պտղի սեռով պայմանավորված աբորտների թեման հրատապ է, քանի որ երկրում տղաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ: Ապագայում ոչ միայն երկում, այլ աշխարհում կանանց պակասը կարող է ժողովրդագրական աղետի հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում