Ի՞նչ է ադրենալէկտոմիան (ֆոտո)

2 մարտի, 2017  23:48

Մակերիկամների ուռուցքները բջիջների օջախային գերաճ են: Նման ուռուցքների մեծ մասը բարորակ են եւ բավականին հազվադեպ են առաջանում: Դրանց առաջացման պատճառներն անհայտ են:

Մակերիկամներն արտադրում են նյութափոխանակությունը, զարկերակային ճնշումը կարգավորող հորմոններ, ինչպես նաեւ արական եւ իգական սեռական հորմոններ: Մակերիկամի ուռուցքի դեպքում կլինիկական հիմնական դրսեւորումները կախված են նրանից, թե հատկապես որ հորմոնն է ավելի շատ արտադրվում:

Հիմնական բուժումը վիրահատական է՝ մակերիկամի հեռացում՝ ադրենալէկտոմիա: Առավել հաճախ օգտագործվող եւ, միաժամանակ, առավել տրավմատիկ է մակերիկամի բաց վիրահատությունը:

Լապարոսկոպիկ մուտքը որովայնի խոռոչի միջոցով է՝ էնդոսկոպիկ տեխնիկայի օգտագործումով: Վիրահատությունն իրականացվում է որովայնի առաջնային պատի վրա մի քանի անցքեր անելու միջոցով՝ որովայնի խոռոչ էնդոսկոպիկ տեսախցիկ եւ մի քանի գործիքներ մտցնելու համար: Լապարոսկոպիկ մուտքի ամենակարեւոր թերությունը գործիքներով աղիների վնասումն է:

Լապարոսկոպիկ մուտքի միջոցով կարող է նաեւ մակերիկամի ռոբոտացված հեռացում իրականացվել: Վիրահատական Da Vinci ռոբոտի օգտագործումն օգնում է ավելի հարմար վիրահատել, սակայն աղիները ավելի քիչ չեն վնասվում, քան լապարոսկոպիկ հեռացման դեպքում:

Ռետրոպերիտոնեոսկոպիկ վիրահատության ժամանակ հիվանդը փորի վրա է պառկում: Երեք անցք է արվում գոտկային հատվածում, որոնցով մտցվում է էնդոսկոպը՝ տեսախցիկով եւ երկու գործիք: Վիրաբույժն առանձնացնում է մակերիկամը եւ հեռացնում է այն: Ոչ բարդ եւ ոչ մեծ չափի ուռուցքի դեպքում վիրահատությունը կարող է տեւել 30-40 րոպե:

Վերոնշյալ վիրահատությունները, բացի բժշկական ռոբոտի օգտագործմամբ վիրահատությունից, հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքում՝ կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում