Ամերիկյան գիտնականներն առաջարկում են դեպրեսիան բուժել յոգուրտի օգնությամբ

10 մարտի, 2017  10:37

Յոգուրտի մեջ առկա lactobacillus բակտերիաները կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան: Նման եզրահանգման են եկել Վիրջինիայի համալսարանի հետազոտողները:

Ըստ Laboratory Equipment-ի՝ հայտնի է, որ յոգուրտն առողջության համար օգտակար մթերք է: Համարվում է, որ այն բարենպաստ է ազդում ստամոքսի եւ աղիների վրա, նվազեցնում է զարկերակային ճնշումը, օգտագործվում է նաեւ կոսմետոլոգիայում: Ամերիկյան հետազոտողները որոշել են պարզել, թե ինչ այլ օգտակար հատկություններ ունի այս կաթնաթթվային մթերքը:

Նրանք փորձ են կատարել մկների վրա եւ պարզել, որ կանոնավորապես յոգուրտ օգտագործելու դեպքում աղիում lactobacillus-ի քանակությունը բարենպաստ է ազդում արյան մեջ կինուրենին կոչվող մետաբոլիտների մակարդակի վրա: Դրանք այն նյութերն են, որոնք նպաստում են դեպրեսիայի առաջացմանը: Պարզվում է, որ երբ աղիում lactobacillus-ի ցուցանիշը նվազում է, կինուրենինի մակարդակն արագորեն աճում է, ինչի հետեւանքով սրվում են նաեւ դեպրեսիայի ախտանշանները:

Մասնագետների խոսքով՝ իրենց ստացած տվյալներն ապացուցում են աղիի միկրոբիոմի կարեւորությունը մարդու զգայական ֆոնի կարգավորման եւ հոգեկան հիվանդությունների բուժման գործում: Բացի այդ՝ դա կարեւոր է այն առումով, որ հզոր դեղամիջոցները, որոնք կիրառվում են դեպրեսիայի բուժման ժամանակ, վնասակար են օրգանիզմի համար եւ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ են առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում