Կարմիր գինին ուղեղը պաշտպանում է ծերանալուց. հետազոտություն

10 մարտի, 2017  11:44

Ռեսվերատրոլը, որը բնական միացությունը է եւ պարունակվում է կարմիր խաղողի կլեպում, խոչընդոտում է նեյրոնների միջեւ կապերի տարիքային քայքայմանը: Սա պարզվել է ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի համալսարանի գիտնականների նոր հետազոտությամբ: Ըստ որում ռեսվերատրոլը ուղեղի վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ ֆիզիկական ծանրաբեռնվածության համադրությամբ ցածրկալորիական սննդակարգը: Հետազոտության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է The Journals of Gerontology, Series A: Biological Sciences and Medical Sciences ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են ռեսվերատրոլի ազդեցությունը երկամյա լաբորատոր մկների ուղեղի վրա: Մկների համար այս տարիքը զառամյալ է համարվում: Կենդանիների խմբերը մեկ տարի ռեսվերատրոլ են ստացել: Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել ողնուղեղի եւ մկանների բջիջների միջեւ կապերի՝ նյարդամկանային սինապսների վիճակի վրա: Նյարդամկանային նորմալ փոխանցման վրա է հիմնված ինքնակամ շարժման ունակությունը՝ ֆունկցիա, որը տարիքին զուգահեռ աստիճանաբար մարում է: Գիտնականների նույն խմբի իրականացրած նախորդ հետազոտություններով պարզվել էր, որ ծերացման պրոցեսում նյարդամկանային սինապսներին մաշվելուց արդյունավետորեն պաշտպանում են ցածրկալորիական սննդակարգը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը կարող է նյարդամկանային սինապսների ծերացման պրոցեսները կանգնեցնել սննդակարգից եւ մարզումներից ոչ պակաս լավ: Միեւնույն ժամանակ հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ կարմիր գինու օգնությամբ, այնուամենայնիվ, անհնար է նույն արդյունքին հասնել, ինչը նկատվել է լաբորատոր մկների մոտ:

«Կարմիր գինու մեջ ռեսվերատրոլը չափազանց փոքր քանակով է պարունակվում, որպեսզի հնարավոր լիներ խորհուրդ տալ այն խմել ուղեղի առողջությունը պահպանելու համար»,- նշել է հետազոտության հեղինակներից Գրեգորիո Վալդեզը: Նա ասել է, որ իր գործընկերները հաջորդ քայլով կորոշեն կենսաբանական այն մեխանիզմները, որոնք ռեսվերատրոլին թույլ են տալիս այդքան դրական ներգործել սինապսների վրա: Եթե այդ մեխանիզմը բացահայտվի, ապա գիտնականները կկարողանան դեղամիջոց ստեղծել՝ նախատեսված ուղեղը ծերանալուց պաշտպանելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում