Գիտնականները սրտի հիվանդությունների ամենացածր ցուցանիշն ունեցող ժողովուրդն են գտել

19 մարտի, 2017  17:47

Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ Բոլիվիայի բնիկներն աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունների ամենացածր ցուցանիշն ունեն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում:

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Բոլիվիայի փոքրաթիվ բնիկ՝ չիմանե ժողովրդի ներկայացուցիչները, աշխարհում աթերոսկլերոզի ամենացածր ցուցանիշն ունեն: Հետազոտողները շրջել են բոլիվիական 85 գյուղերով եւ հետազոտել 40-94 տարեկան 705 մարդու: Պարզվել է, որ նրանցից 596-ը (85%-ը) սիրտ-անոթային հիվանդությունների որեւէ վտանգ չի ունեցել, 13%-ի մոտ վտանգը նվազագույնն է եղել եւ միայն 3%-ի մոտ է վտանգի չափավոր կամ բարձր մակարդակ հայտնաբերվել:

Համեմատության համար նշենք, որ 45-84 տարեկան 6.814 ամերիկացիների շրջանում անցկացված նման հետազոտության արդյունքում կամավորների կեսի մոտ սիրտ-անոթային հիվանդությունների չափավոր կամ բարձր վտանգ է հայտնաբերվել:

Չիմանե ժողովրդի ներկայացուցիչները եվրոպականից տարբերվող կենսակերպ են վարում, հիմնականում զբաղվում են գյուղատնտեսության, որսորդությամբ եւ ձկնորսությամբ: Նախորդ հետազոտությունների համաձայն՝ բոլոր երկրների բնակչության մեծ մասը ժամանակի շուրջ 54%-ը նստած դիրքով է անցկացնում: Բոլիվիայի բնիկ ժողովրդի մոտ այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 10%:

Բոլիվիացիների սննդակարգը փոքր քանակությամբ ճարպեր է պարունակում (14%)՝ հատկապես հագեցած ճարպեր: Նրանց սննդակարգում գերակշռում են ծանր ածխաջրերով եւ մանրաթելերով հագեցած մթերքներ (72%): Չիմանեները ուտում են հիմնականում բրինձ, մրգեր, ընկուզեղեն, եգիպտացորեն, տապիոկու եւ բանան: Սննդակարգում սպիտակուցների պարունակությունն ընդամենը 14% է կազմում, որն օրգանիզմը ստանում է հիմնականում որսած կենդանիների մսից եւ ձկից: Հետազոտողները նաեւ նշում են, որ բնակչության շրջանում ծխողների թիվը չափազանց փոքր է:

Հետազոտողների խոսքով՝ չնայած բնիկ բոլիվիացիների կենսակերպը շատ է տարբերվում արդյունաբերական հանրության կենսաձեւից, որոշ տարրեր, ամեն դեպքում, կարելի է ներմուծել ժամանակակից մարդկանց կյանք: Գիտնականների կարծիքով՝ դա կարող է զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում