Աուտիզմով երեխաները 160 անգամ ավելի հաճախ են ջրահեղձ լինում, քան նրանց հասակակիցները

25 մարտի, 2017  15:56

Աուտիկ սպեկտրի խանգարումներով երեխաներին անհրաժեշտ է պարտադիր լողալ սովորեցնել, քանի որ նման երեխաները 160 անգամ ավելի հաճախ են ջրահեղձ լինում այն հասակակիցների համեմատությամբ, որոնք աուտիզմով չեն տառապում: Այս մասին հայտնում են Columbia University Mailman School of Public Health-ի (ԱՄՆ) գիտնականները:

Գիտնականները հետազոտել են տարբեր տարիքի 1300 երեխաների մահվան վկայականները: Պարզվել է, որ աուտիկ սպեկտրի խանգարումներով երեխաներն իրենց հասակակիցների համեմատությամբ 160 անգամ ավելի հաճախ են ջրահեղձ լինում: Աուտիզմով երեխաները ավելի հաճախ խեղդվել են իրենց տան լողավազաններում, երբ մեծահասակների ուշադրությունից դուրս են մնացել: Փորձագետների կարծիքով՝ փոքրիկներին գրավել է ջրի խաբուսիկ հանդարտությունը:

«Աուտիզմով երեխաների համար լողի դասերը պետք է առավելագույն առաջնահերթություն ունենան: Այդ դասերն անհրաժեշտ է սկսել ախտորոշումից հետո որքան հնարավոր է արագ: Հաղորդակցման հմտությունների խանգարումը հանգեցնում է նրան, որ երեխաները հոգեբանական լիցքաթափում են փնտրում ջրի խաբուսիկ հանդարտության մեջ: Ցավոք, նման վարքագիծը բավական հաճախ է ողբերգությամբ ավարտվում»,- նշել է համալսարանի բժիշկ Գուոհուա Լին:

Վիճակագրության հետազոտությամբ նույնպես պարզվել է, որ աուտիզմով հիվանդները միջինը 36 տարեկանում են մահացել, որը ավելի քան 2 անգամ քիչ է կյանքի միջինվիճակագրական տեւողությունից: Հետաքրքիր է, որ տղամարդկանց շրջանում աուտիզմը 5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց շրջանում: Համարվում է, որ խանգարումն այս կամ այն աստիճանով դիտվում է բոլոր երեխաների 1,5 տոկոսի շրջանում: Դրա պատճառներն առայժմ գիտությանը հայտնի չեն, իսկ ախտորոշումը մեծ թվով փորձագետների համատեղ ջանքեր է պահանջում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում