Օրական ընդամենը 10 րոպե տեւողությամբ խաղերը կօգնեն ամրապնդել երեխայի առողջությունը

29 մարտի, 2017  14:18

Երեխաների համար խաղերը շատ կարեւոր են, ոչ միայն այն պատճառով, որ օգնում են ճանաչել շրջապատող աշխարհը եւ ծանր օրից հետո հանգստանալ: Պարզվում է` օրական ընդամենը 10 րոպե տեւողությամբ շարժում պահանջող խաղը բավական է սրտի կամ կաթվածի հիվանդությունների հետագա առաջացման հավանականությունը նվազեցնելու համար:

Գիտնականների խոսքով` բացօթյա խաղերը դրական են ազդում կարդիո-մետաբոլիկ պրոցեսների վրա: Սա հատկապես արդիական է գեր եւ արյան մեջ ինսուլինի բարձր մակարդակ ունեցող երեխաների համար:

Երեխաների առողջության վրա շարժում պահանջող խաղերի ազդեցության վերաբերյալ հետազոտությունը կատարել են Ուեյք Ֆորեսթ համալսարանի աշխատակիցները: Նրանք վերլուծել են 4-ից մինչեւ 18 տարեկան ավելի քան 11 հազար երեխաների տվյալները: Հաշվի են առնվել երեխաների ֆիզիկական ակտիվության մակարդակը եւ կարդիո-մետաբոլիկ այնպիսի մարկերները, ինչպիսին են գոտկատեղի շրջագիծը, արյան ճնշումը, «օգտակար» եւ «վնասակար» խոլեստերինի, եռագլիցերիդների, շաքարի եւ ինսուլինի մակարդակը:

Վերլուծությամբ մարկերների եւ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության միջեւ 32 զգալի կապ է հայտնաբերվել: Մասնավորապես` նման խաղերը թույլ են տվել նվազեցնել գոտկատեղի շրջագիծը եւ ինսուլինի ցուցանիշները: Կարեւորն այն է, որ դրական արդյունքի համար բավական է եղել օրական ակտիվ խաղերի ընդամենը 10 րոպե տեւողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում