Թարմ մրգերն ու բանջարեղենը ոչ միշտ են սառեցվածից ավելի օգտակար. գիտնականներ

29 մարտի, 2017  16:45

Թարմ մրգերն ու բանջարեղենը ոչ միշտ են սառեցվածից ավելի օգտակար. որոշ դեպքերում սառեցվածները նույնիսկ ավելի շատ սնուցող նյութեր են պարունակում, քան թարմերը: Այս մասին հայտնել են Ջորջիա նահանգի համալսարանի գիտնականները:

Հետազոտության շրջանակներում, որը հրապարակվել է Journal of Food Composition and Analysis ամսագրում, գիտնականները ստուգել են հանրահայտ բուսական մթերքների վիտամինային հագեցվածությունը: Մի կողմից եղել են թարմ պտուղներ, որոնք քաղվել են ամիջապես ծառերից կամ մարգերից եւ մի քանի օր պահվել սառնարանում, իսկ մյուս կողմից` սառեցված պտուղներ:

Գիտնականները 2 տարի շարունակ վերլուծել են նմուշներում C վիտամինի, A պրովիտամինի եւ ֆոլաթթվի խտության մակարդակը: Մթերքներից ներկայացվել են սառեցված եւ թարմ բրոկոլի, ծաղկակաղամբ, եգիպտացորեն, կանաչ լոբի, կանաչ ոլոռ, սպանախ, հապալաս եւ ելակ: Թարմ նմուշները սառնարանում են պահվել 5 օր` թարմ բանջարեղենը եւ մրգերը միջինում այսքան են պահվում սուպերմարկետների խցիկներում:

Արդյունքում նախագծի հեղինակները համոզվել են, որ օգտակար նուտրիենտների պարունակության ծավալով սառեցված եւ թարմ բանջարեղենն ու մրգերը միմյանցից չեն տարբերվում:

Այդուհանդերձ, առողջության համար օգտակարության առաջատարությունը գիտնականները տվել են սառեցված մթերքներին, քանի որ պարզվել է, որ դրանց մեջ վիտամիններն զգալիորեն ավելի շատ են, քան թարմ, բայց 5 օր սառնարանում պահված մրգերում եւ բանջարեղենում: Բանն այն է, որ սառնարանում երկար պահված թարմ մրգերը, բանջարեղենը եւ հատապտուղները օգտակար շատ հատկություններից զրկվում են, մինչդեռ արագ սառեցման դեպքում դա տեղի չի ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում