Ինչպե՞ս ազատվել հեռախոսային կախվածությունից

4 ապրիլի, 2017  22:43

Իրենց գաջեթներից մարդկանց կախվածության խնդիրն այնքան է լրջացել, որ հոգեբաններն ակտիվորեն այս կախվածության դեմ պայքարելու եղանակներ են փնտրում:

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ այս կախվածությունից, որը կարող է պաթոլոգիական հիվանդություն դառնալ, ազատվելու միջոց կա: Վիճակագրական տվյալներով՝ միայն Անգլիայում մարդիկ, որպես կանոն, օրական մոտ 9 ժամ ծախսում են իրենց գաջեթների վրա: Դրանից զատ, հարցված բնակիչների մոտ երրորդ մասը խոստովանել է, որ առանց հեռախոսի չի կարող անցկացնել նույնիսկ մեկ ժամ:

Իրենց գաջեթներից կախվածությամբ տառապող մարդկանց օգնելու համար գիտնականները Give Your Mobile The Boot նախագծի շրջանակում հատուկ պրոթեզ են մշակել, որը կփոխարինի սարքին: Պրոթեզի յուրահատկությունն այն է, որ թույլ կտա խուսափել վտանգի կամ տագնապի զգացումից, որոնք մարդկանց մոտ առաջանում են, երբ ավելի կամ պակաս երկարատեւ ժամանակով նրանց սմարթֆոնից զրկում են:

Պրոթեզը արտաքին տեսքով, չափերով եւ քաշով ամբողջովին նման է սմարթֆոնին՝ դրա հետ մեկտեղ սովորական «աղյուս» լինելով: Այն ոչ մի գործառույթ չունի, սա պարզապես պլաստիկի կտոր է, որն ահնրաժեշտ է, որպեսզի մարդը հանգստանա եւ մշտապես իր բջջայինը չստուգի:

Հեռախոսի այս նմանակը մարդկանց կարող է օգնել նաեւ ուշադրություն դարձնել, թե իրենք որքան հաճախակի են չնչին առիթով, առանց որեւէ անհրաժեշտության ձեռքը վերցնում իրենց գաջեթը: Այսկերպ կախվածության վերահսկումը շատ ավելի հեշտ կդառնա: Ի դեպ, հարցվածների երրորդ մասից ավելին ասել է, որ հեռախոսի փոխարեն նմանակն օգտագործելիս մի քանի անգամ այնպիսի զգացողություն են ունեցել, թե այն զանգում է եւ ստուգել են: Դա վկայում է բարձր հուզականության մասին, որն առաջացնում է սմարթֆոնների օգտագործումը:

Give Your Mobile The Boot նախագծի շրջանակում գիտնականները նաեւ խորհուրդներ են տվել նրանց, ովքեր տառապում են սեփական բջջայիններից կախվածությամբ՝ չդադարելով դրանից օգտվել նույնիսկ ղեկի մոտ:

Հոգեբանները վտանգավոր սովորության դեմ պայքարի հնգաստիճան համակարգ են առաջարկել, որը կազմված է մի շարք շնչառական վարժություններից, որոնք թույլ են տալիս ուշադրությունը կենտրոնացնել մեքենան վարելու վրա, եւ հոգեբանական հրահանգներից, որոնք հեռախոսին ձգտելու պատճառները հասկանալու հնարավորություն կտան: Դրանից բացի, խորհուրդ է տրվում ուղեւորությունից առաջ լավ մարզվել, կատարել բոլոր կարեւոր զանգերը եւ ուղարկել անհրաժեշտ հաղորդագրությունները: Գիտնականները խորհուրդ են տալիս դրանից հետո սիրելի գաջեթը թաքցնել ավտոմեքենայի բեռնախցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում