Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի (ՊԿՁՀ) մասին, հավանաբար, բոլորն են լսել, բայց այդ խնդրի մասին հավաստի տեղեկատվություն համացանցում քիչ կա: Մեծ Բրիտանիայից գինեկոլոգները հերքել են խնդրի մասին հինգ ամենատարածված առասպելները:
Առասպել 1. Դիաբետը կարող է ՊԿՁՀ-ի պատճառ դառնալ
Քանի որ ՊԿՁՀ-ն կապված է հորմոնալ փոփոխությունների հետ, այն նաեւ մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը: Բացի այդ, եթե ՊԿՁՀ-ի հետ միասին նաեւ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեք, դիաբետի առաջացման հավանականությունը մեծանում է: Այսպիսով, ՊԿՁՀ-ի դեպքում կնոջ մոտ կարող է դիաբետ առաջանալ, բայց դիաբետը չի կարող հանգեցնել ՊԿՁՀ-ի:
Առասպել 2. Նիհար կանայք ՊԿՁՀ-ի խնդրին չեն բախվում
ՊԿՁՀ-ով կանանց մեծ մասն ավելորդ քաշ եւ ճարպակալում ունի, սակայն սլացիկ կազմվածքն ամենեւին չի փրկում այս խանգարումից: Սլացիկ կազմվածքով կանայք նույնպես կարող են բախվել ձվարանների պոլիկիստոզի համախտանիշի:
Առասպել 3. ՊԿՁՀ-ն բոլոր կանանց մոտ միանման է արտահայտվում
Իրականում այս համախտանիշի ախտանշանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տարբեր են լինում: Տարածված ախտանշաններից են դաշտանային ցիկլի խանգարումները, բայց կանանց մոտ կարող են նաեւ մազերի աննորմալ աճ կամ հորմոնալ այլ փոփոխություններ լինել:
Առասպել 4. ՊԿՁՀ-ով կանայք չեն կարող երեխա ունենալ
Քանի որ ՊԿՁՀ-ն ազդում է ձվազատման պրոցեսի վրա, այն կարող է անպտղության պատճառ դառնալ: Բայց որոշ կանայք, ամեն դեպքում, կարող են հղիանալ, երբեմն նույնիսկ բնական ճանապարհով:
Առասպել 5. ՊԿՁՀ-ն կարելի է բուժել
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը կարելի է հսկողության տակ պահել, բայց այն անհնար է բուժել: Բուժման տարբերակները կախված են իրավիճակի բարդությունից եւ առողջության հետ կապված այլ խնդիրների առկայությունից/բացակայությունից: Եթե ճարպակալում ունեք, վահանաձեւ գեղձի խնդիր կամ դիաբետ, ապա այդ խանգարումների բուժումը կօգնի վերահսկողության տակ վերցնել նաեւ ՊԿՁՀ-ն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում