Երկարատեւ գործողության ինսուլինային անալոգը կհամադրվի ուլտրակարճ գործողության անալոգի հետ. Աղաջանովա

10 ապրիլի, 2017  10:33

Երեխաների եւ երիտասարդների մոտ 1-ին տիպի դիաբետի բուժման «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում Հայաստանի առողջապահության նախարարությունը, բացի ուլտրակարճ գործողության ինսուլինի անալոգից, սկսել է նաեւ երկարատեւ գործողության ինսուլին գնել:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Ելենա Աղաջանովան պարզաբանեց, որ նախկինում այդ ծրագրի շրջանակում 1-ին տիպի դիաբետով հիվանդ երեխաներն ու երիտասարդները ինսուլինի մեկ անալոգ (ուլտրակարճ) էին ստանում՝ մարդկային ինսուլինի հետ:

«Հիմա նախարարությունը կգնի նաեւ երկրորդ անալոգը՝ երկարատեւ գործողության, եւ այն կհամադրվի կարճատեւ գործողության անալոգի հետ: Ընդհանրապես, տարբեր կոմբինացիաներ հնարավոր են: Այն առաջին հերթին կտրվի մինչեւ 18 տարեկան երեխաներին»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ նախարարությունը չէր գնում երկարատեւ անալոգները, շատ երեխաներ, ամեն դեպքում, դրանք ստանում էին, քանի որ ծնողներն էին ձեռք բերում, իսկ հիմա դրա կարիքը չկա:

Ելենա Աղաջանովան ավելացրեց, որ Հայաստանում երեխաները միշտ էլ ապահովված են եղել լավ ինսուլինով: «Բայց ի հայտ են եկել ավելի լավ տարբերակներ: Ինսուլինային անալոգներն ավելի ֆիզիոլոգիական են»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ կարճատեւ անալոգն արագ է ազդում, արագ է ներթափանցում արյան մեջ, իսկ երկարատեւն ավելի երկար գործողության ժամկետ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում