Մեր պետության հնարավորությունները թույլ չեն տալիս գնել այս թանկարժեք դեղը. գլխավոր հոգեբույժը՝ Զիպրեքսայի մասին

13 ապրիլի, 2017  22:40

Կանադական Apotex ընկերության օլանզապինը, որը Հայաստանի Առողջապահության նախարարությունը ստացել է հումանիտար խողովակներով եւ բաժանել հոգեբուժական հաստատություններին, ԱՄՆ-ում ընդունված է եւ համապատասխանում է միջազգային ստանդարտներին: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը՝ մեկնաբանելով  այս դեղի շուրջը «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության բարձրացրած աղմուկը: Հ/կ-ն ցանկանում է հասնել «Զիպրեքսայով բուժման ծրագրի» վերականգնմանը «Նորք» հոգեբուժական հիվանդանոցի Առաջին փսիխոտիկ էպիզոդի կլինիկայում, որի շրջանակում 300 շահառուների համար պետությունը Զիպրեքսա դեղամիջոց է գնել (ամերիկյան Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապինը):

Նրա խոսքով՝ այժմ կանադական օլանզապինը ստանում են Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի հիվանդները, որն ինքն է ղեկավարում, եւ նրանց դիտարկումներով ոչ մի բարդություն չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է Զիպրեքսայով բուժման ծրագրի նախկին շահառուներին, ապա, գլխավոր հոգեբույժի խոսքով, նոր դեղը ստացել է նրանցից 263 հիվանդ, եւ միայն վեցի մոտ է բողոք եղել: Սամվել Թորոսյանի խոսքով՝ այս թիվը եղանակ չի ստեղծում, առավել եւս, որ դա կարող է պարզապես գարնանային սրացում լինել: Նա հավելեց, որ Ավանի դիսպանսերում հաշվառված հիվանդները ստանում են տեղական արտադրության («Արփիմեդ» ընկերության) օլանզապին, եւ նրանց կողմից նույնպես դժգոհություններ չեն եղել:

Ինչ վերաբերում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից 2014 թվականին Ավանի հոգեբուժական դիսպանսերում կատարված հետազոտությանը, որի համաձայն ջեներիկ ստացած հիվանդները սրացումների հետ կապված 3 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվել, քան Զիպրեքսա ստացած հիվանդները, գլխավոր հոգեբույժը նշեց, որ ամեն դեպքում, այս հետազոտության մեջ պնդում չկա, թե հայկական օլանզապինն անորակ է:

Սամվել Թորոսյանը հավելեց, որ Զիպրեքսան, անկասկած, մյուս օլանզապիններից ավելի լավն է, ինչպես ցանկացած օրիգինալ դեղ է ջեներիկից լավը, եւ այս հարցում 2 կարծիք լինել չի կարող: «Բայց այսօր մեր պետության հնարավորությունները թույլ չեն տալիս այս թանկարժեք դեղը գնել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հայ հոգեբույժները շնորհակալ են Զիպրեքսա դեղին: Սա նոր սերնդի առաջին դեղն է, որը թույլ տվեց Հայաստանի հոգեբուժությունը նոր մակարդակի բարձրացնել, բացել Առաջին փսիխոտիկ էպիզոդի կլինիկան: Բայց երբ հայտնվեցին նրա ավելի էժան ջեներիկները, առավել եւս՝ հայկական արտադրության, պետությունը սկսեց գնել ավելի էժան տարբերակները: «Այսպիսի ցածր գին, ինչպիսին «Արփիմեդ» ընկերության օլանզապինն է, աշխարհում ոչ մի տեղ չկա, Հայաստանի համար այսօր սա այլընտրանք չունեցող տարբերակ է»,- նշեց նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում