Մեկ ումպով խմելու սիրահարները իրենց վտանգում են սրտի կաթված ստանալուն

27 ապրիլի, 2017  18:06

Այն մարդկանց շրջանում, որոնք սիրում են մեկ ումպով ալկոհոլի մեծ չափաքանակներ խմել, բարձր է սրտի կաթված ստանալու եւ սրտի անբավարարության հավանականությունը, նախազգուշացնում են գերմանացի գիտնականները:

Այս փոխադարձ կապը նրանք հայտնաբերել են 2015 թվականին Մյունխենում տեղի ունեցած գարջրի հանրահայտ «Օկտոբերֆեստ» փառատոնի 3 հազար մասնակիցների շրջանում անցկացրած հետազոտության ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Heart Journal ամսագրում:

Մասնագետները 16 օր շարունակ հետեւել են փառատոնի մասնակիցներին՝ բջջային գաջեթների օգնությամբ չափելով էլեկտրասրտագրի ցուցանիշները, նաեւ նրանց արտաշնչած օդում ալկոհոլի խտության աստիճանը: Տվյալները վերլուծելով՝ նրանք հանգել են այն եզրակացության, որ սպիրտային խմիչքների մեծ չափաքանակների կտրուկ ընդունումը զուգակցվում է սրտի առիթմիայի եւ խորշերի տախիկարդիայի հետ (սրտի կծկումների քանակի կտրուկ հաճախակիացումը): Նման խափանումն իր բնույթով նման է «տոնական սրտի համախտանիշին», նշել են գիտնականները: 1983 թվականից բժիշկներին հայտնի այս տերմինի առաջացման պատճառն այն է, որ խափանումը տեղի է ունենում առողջ մարդկանց մոտ, որոնք տոնի առիթով ավելորդ քանակ են խմում:

Մյունխենի գիտնականների հաշվարկներով՝ ալկոհոլի յուրաքանչյուր գրամը արյան մեկ լիտրի հաշվով առիթմիայի առաջացման հավանականությունը 75 տոկոսով մեծացրել է: «Ըստ որում՝ խորշային տախիկարդիան հիմնական էֆեկտն է»,- նշված է հոդվածում: Հետազոտողները նշել են, որ ալկոհոլի ազդեցության ներքո գտնվող «Օկտոբերֆեստի» մասնակիցների շրջանում տախիկարդիան 30 տոկոսով ավելի հաճախ է դիտվել, քան սթափ մարդկանց շրջանում:

Հետազոտության հեղինակները նշել են, որ փառատոնի մասնակիցների վերաբերյալ մանրամասն տվյալներ չեն հավաքել: Սրա հետ կապված նրանք այս մարդկանց ֆիզիկական ակտիվության, նրանց սովորությունների եւ հիվանդությունների վերաբերյալ տվյալներ չունեն: Հետազոտության նպատակը ալկոհոլի օգտագործման եւ առիթմիայի առաջացման միջեւ ժամանակային կախվածության հայտնաբերումն էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում