Ծովային խխունջների թույնում դեղեր են հայտնաբերվել Ալցհեյմերի հիվանդության, էպիլեպսիայի եւ ցրված սկլերոզի դեմ

1 մայիսի, 2017  11:51

Մարդկանց ծանր հիվանդությունները՝ դիաբետից մինչեւ օնկոլոգիական հիվանդությունները, հնարավոր է բուժել պեպտիդներով, որոնք գիտնականները ստեղծել են ծովային փորոտանի կակղամորթներ Conus-ների թույնից:

Այս մասին վկայում են Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիներում բնկավող Conus ընտանիքի մի քանի տեսակների հետազոտությունների արդյունքները, որոնք հնդիկ գիտնակնները հրապարակել են Toxicon ամսագրում (կենդանիներից, բույսերից եւ միկրոօրգանիզմներից ստացված թույների մասին միջգիտական ամսագիր):

Օվկիանոսային տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIOT, Պորտ Բլեր) եւ Հնդկական գիտական ինստիտուտի (IISc, Բանգալոր) մասնագետները հավաքել են Conus-ների տեղական 4 տեսակ՝ Conus coronatus, C. leopardus, C. lividus եւ C. zonatus (թագակիր, ընձառյուծային, գորշակապույտ եւ գոտիավոր) եւ նրանց թույնից 12 կարճ պեպտիդ առանձնացրել, որն այս ծովային կակղամորթներն օգտագործում են մանր ձկներին որսալու համար:

«Մեր հայտնաբերած նոր միացությունները հրաշալի դեղագործական ինդիկատոր են, որոնք կարող են արժեքավեեր դեղեր դառնալ: Դրանից բացի, ամինաթթուների այսքան կարճ հերթագայությունը հեշտ է կրկնել արդյունաբերական պայմաններում սինթեզելու դեպքում, ինչը թույլ կտա դրանց արտադրության հոսքագիծ ստեղծել եւ կակղամորթներից ստացվող բնական հումքից կախում չունենալ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Բենջամին Ֆրանկլինը:

Conus-ների թույնի հետազոտությունները սկսվել են դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներից, կոնոպեպտիդների (այս փորոտանիներից ստացվող սպիտակուցներ) հիմքի վրա արդեն որոշ եղերի արտադրություն է յուրացվել, օրինակ՝ ավելի ուժեղ ցավազրկողների, քան մորֆինն է եւ, ի դեպ, կախվածություն չառաջացնող: Սակայն առաջին անգամ այս հետազոտության ընթացքում է հաջողվել թույնի բաղադրության մեջ հայտնաբերել առաջին գերկարճ պեպտիդ պրոտրոմբինը, որը պատասխանատու է արյան մակարդման համար եւ կազմված է ընդամենը 6 ամինաթթուներից:

Աշխատության համահեղինակ, IISc-ի դոկտոր Ռահուլ Ռաջեշի կարծիքով՝ հայտնաբերված կոնոպեպտիդները հնարավոր կլինի օգտագործել Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների, էպիլեպսիայի դեմ, դիաբետը, ցրված սկլերոզը եւ սիրտ-անոթային հիվանդությունները բուժելիս, դրանք կօգնեն նաեւ կարգավորել արյան մակարդելիությունը, որը խախտվում է տարբեր հիվանդությունների հետեւանքով, եւ մեծացնել ծանր վնասվածքներ ստացած հիվանդների ողջ մնալու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում