Ինչու են գիտնականները խորհուրդ տալիս տանն ընթրել

2 մայիսի, 2017  20:11

Հավանաբար շատերն են լսել, որ նախընտրելի է տանն ընթրել, քան ռեստորանում: Oregon State University-ի եւ University of Washington-ի գիտնականները պնդում են, որ ընթրիքն ինքնուրույն պատրաստող եւ տանն ընթրող մարդիկ ոչ միայն փող են տնտեսում, այլեւ պահպանում են իրենց առողջությունը եւ բարեկազմությունը:

Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 400 մարդու առողջական վիճակին: Մեկ շաբաթ շարունակ կամավորները մանրամասն պատմել են, թե ինչ են կերել եւ այն ինչպես է պատրաստվել: Կամավորների սնունդի շաբաթական օգտագործումը գիտնականները գնահատել են ըստ առողջ սնվելու ինդեքսի (HEI): 81 եւ ավելի շատ միավորներ ստացած կամավորները հետեւել են առողջ սննդակարգին, 51-80 միավոր ստացածների սննդակարգը «բարելավման» կարիք ուներ, իսկ նրանք, ովքեր ստացել էին 50 եւ պակաս միավորներ՝ սխալ էին սնվում:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն կամավորները, որոնք կերակուրը կանոնավոր կերպով տանն են պատրաստել, ընդհանուր առմամբ ավելի քիչ կալորիա, շաքար եւ ճարպեր են օգտագործել: Նրանց սննդակարգն ավելի առողջ էր, քան հետազոտության մյուս մասնակիցներինը:

Մյուս կողմից՝ գիտնականները պատրաստի կերակուրի օգտագործումը կապում են ճարպակալման հետ: Հետազոտողները հայտարարել են, որ ԱՄՆ-ի բնակիչների 80 տոկոսը չի հետեւում դիտեիկ հրահանգներին, դրա հետ մեկտեղ՝ ԱՄՆ-ում սնունդի վրա ծախսվող փողի մոտ կեսը բաժին է ընկնում այն մթերքներին, որոնք տանը չեն պատրաստվում:

«Մեր հետազոտության արդյունքները հաստատում են այն, ինչի մասին տասնամյակներ շարունակ խոսել են շատ մայրեր ու տատիկներ՝ տանը սնվելու սովորությունը նշանակում է սննդակարգի լավագույն որակ եւ սնունդի վրա կատարվող ավելի քիչ ծախսեր՝ դրսում պարբերաբար ընթրելու համեմատությամբ»,- ամփոփել են հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում