Քալիֆորնիայում 6 կգ 120 գրամ քաշով դյուցազն է ծնվել

11 մայիսի, 2017  17:23

Քալիֆորնիական Մերսեդ քաղաքից Ջեննա Ռեյեսն իսկական դյուցազն է լույս աշխարհ բերել. նրա որդին ծնվել է 6 կգ 120 գրամ քաշով՝ դառնալով նահանգում երբեւէ լույս աշխարհ եկած ամենախոշոր նորածինը: Երեխայի չափերը զարմացրել են նույնիսկ ամենափորձառու բժիշկներին:

Ռեյմոնդ Ռեյեսը ծնվել է ապրիլի 30-ին, բայց նրան հիվանդանոցից միայն հիմա են դուրս գրել: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ եւ ավելի քան մեկ շաբաթ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել:

Երջանիկ մայրը խոստովանել է, որ փոքրիկի համար 2-րդ չափսի Pampers եւ 3-6 ամսական երեխաների համար նախատեսված հագուստ է գնում: Նրա ավագ երեխաները նույնպես խոշորամարմին են եղել, բայց՝ ոչ այսքան:

Ռեյմոնդի չափսերը, անկասկած, տպավորիչ են, բայց սա ամենեւին էլ ամենամեծ արդյունքը չէ: Այս տարվա փետրվարին Չինաստանում կինը 7 կգ քաշով երեխա էր լույս աշխարհ բերել: Սակայն այս փոքրիկին էլ չի հաջողվել գերազանցել 2009 թվականի սեպտեմբերին Սումատրայում ծնված փոքրիկի սահմանած ռեկորդը. տղան ծնվել էր 8.7 կգ քաշով:

2016 թվականի հոկտեմբերին էլ Հայաստանի Աչաջուր գյուղում 5 կգ 230 գրամ քաշով եւ 57 սմ հասակով տղա էր ծնվել: Նրան Տիգրան են կոչել՝ Տիգրան Մեծի պատվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում