Բժիշկները զգուշացնում են սուշիի վտանգավորության մասին. պորտուգալացու ստամոքսից մակաբույծ որդեր են հանել

12 մայիսի, 2017  21:26

Պորտուգալիայում բժիշկները տղամարդու աղեստամոքսային համակարգից մակաբուծային որդերի մի բուռ թրթուր են հանել, որով նա վարակվել է ճապոնական ռեստորանում: Դեպքը նկարագրվել է BMJ Case Reports-ում հրապարակված հոդվածում: Պորտուգալացի գաստրոէնթերոլոգների հոդվածում նշված է, որ Արեւմուտքի երկրներում սուշիի աճող տարածվածությունը մակաբուծային ինֆեկցիաների աճ է առաջացնում:

32-ամյա տղամարդը բժիշկներին է դիմել տենդով, որը շարունակվել է մեկ շաբաթ, նաեւ էպիգաստրալ հատվածի ցավերով եւ փսխումով: Արյան անալիզը ցույց է տվել օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայություն:

Նախապես հիվանդության պատճառը պարզ չէր, սակայն երբ տղամարդը հայտնել է, որ թվարկված ախտանշանների հայտնվելուց առաջ սուշի է կերել, բժիշկները նրա մոտ անիզակիդոզ են կասկածել՝ մակաբուծային հիվանդություն, որն առաջացնում են Anisakidae ընտանիքի կլոր որդերի թրթուրները, որոնք մարդու օրգանիզմում են հայտնվում հում կամ քիչ աղի ծովային ձկան միջոցով:

Էնդոսկոպիական հետազոտության ընթացքում գիտնականները տղամարդու ստամոքսի ներքին պատի բորբոքված հատվածում դրան կպած մակաբույծ որդի թրթուր են հայտնաբերել: Որդը հեռացնելուց հետո տղամարդու վիճակը կարգավորվել է:

Հոդվածի հեղինակները գործընկերներին կոչ են անում ակնդետ ուշադրություն դարձնել վերջին օրերին սուշի կերած հիվանդներին, որոնք բողոքում են ցավից, սրտխառնոցից եւ փսխումից: Ճապոնական խոհանոցի հանրահայտության աճը համընկել է մակաբույծներով վարակվելու դեպքերի քանակի մեծացման հետ, որը կարող է օրգանների ծակոտում, արյունահոսություն, որովայնաթաղանթի բորբոքում (պերիտոնիտ) եւ անաֆիլակտիկ շոկ առաջացնել: Նախկինում նման դեպքերը հազվադեպ էին, քանի որ ձուկը, որպես կանոն, ջերմամշակման էր ենթարկվում, որը մակաբույծներին սպանում է, սակայն սուշին պատրաստելիս հաճախ հում ձուկ է օգտագործվում, որը կարող է վարակված լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում