Գիտնականները բացատրել են հարբած մարդու գլխավոր պարադոքսը

15 մայիսի, 2017  20:04

Ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող մարդը հակված է կարծելու, որ իր անձը էապես փոխվում է, սակայն շրջապատի մարդիկ տարբերություն գրեթե չեն նկատում: Սա պարզել են Կոլումբիայում գտնվող Միսուրիի համալսարանի ամերիկացի հոգեբանները՝ 156 կամավորների մասնակցությամբ փորձեր կատարելուց հետո: Հոդվածը հրապարակվել է Association for Psychological Science ամսագրում:

Հետազոտության նախնական փուլում գիտնականները մասնակիցների շրջանում հարցում են անցկացրել: Պատասխանողները հարցաթերթերում նշել են, թե որքան հաճախ են սպիրտային խմիչք օգտագործում եւ ինչպես է այն ազդում իրենց անձի եւ վարքի վրա: Դրանից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը մի քանի ծանոթների հետ լաբորատորիա է եկել, որտեղ արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստ է անցել:

Փորձի ընթացքում փորձարկվողների մի մասը (ստուգիչ խումբ) 15 րոպե շարունակ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ է խմել, իսկ մյուսը (փորձարկվող խումբը)՝ օղի կամ կոկտեյլներ: Գիտնականները հետեւել են, որպեսզի փորձարկվող խմբի մասնակիցների արյան մեջ էթանոլի ծավալային խտությունը 0,09 տոկոսից չանցնի: Դրանից հետո կամավորները տարբեր թեմաներ են քննարկել եւ գլուխկոտրուկներ լուծել: Սա նրանց եւ իրենց ծանոթներին թույլ է տվել գնահատել, թե նրանց վարքը որքան ուժեղ է փոխվել սպիրտային խմիչք օգտագործելուց հետո:

Փորձարկվողները հոգեբաններին հայտնել են, որ իրենց մոտ նվազել է սեփական գործողությունների համար հաշին տալու ընդունակությունը, նոր փորձ ձեռք բերելու ձգտումը, դրանից բացի՝ իրենք քիչ զիջող են դարձել: Միեւնույն ժամանակ մեծացել է էքստրավերսիայի մակարդակը եւ լավացել է էմոցիոնալ կայունությունը: Սակայն նրանց ծանոթները հայտարարել են, որ նկատելի է եղել միայն մարդամոտության մեծացումը:

Գիտնականներն այս պարադոքսը պատճառաբանում են նրանով, որ գոյություն ունի տարբերություն մարդու սպասումների՝ թե ալկոհոլի պատճառով նրա վարքն ինչպես կփոխվի եւ սպիրտային խմիչքի իրական ազդեցության միջեւ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում