Երեք հայ բժիշկներ Սուդանում ժամանակավորապես փոխարինում են Թոմ Կատինային

22 մայիսի, 2017  17:49

«Ավրորա» մրցանակի հավակնորդ, բժիշկ Թոմ Կատինան արդեն երկար տարիներ աշխատում է Սուդանի Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում եւ այն առանց ծանրակշիռ պատճառի չի լքում: Այսօր դոկտոր Կատինան Հայաստան է եկել՝ «Ավրորա» մրցանակը հանձնելու արարողությանը մասնակցելու համար: Նրա բացակայությամբ երեք հայ բժիշկներ Սուդան են մեկնել՝ հվանդանոցում նրան ժամանակավորապես փոխարինելու համար, որտեղ նա միակ բժիշկն է:

Ռազմական բժիշկներ՝ փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանը եւ մայոր Հայկ Հովհաննիսյանը Սուդան են մեկնել Հայաստանից. նրանցից ոչ մեկը երկար չմտմտաց՝ երկու բժիշկն էլ անմիջապես համաձայնվեցին այս ուղեւորությանը: Արդեն Սուդանում նրանց միացավ գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը, որն անցյալ տարվա դեկտեմբերից աշխատում է Քենիայի Մալինդի քաղաքի հոսպիտալում:

Արմինե Բարխուդարյանի մայրը՝ Անժելա Օհանյանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դուստրը մեծ բավականությամբ է Աֆրիկայում աշխատում: Երիտասարդ գինեկոլոգն ավարտել է Ռուսաստանի Սեչենովի անվան Բժշկական ակադեմիան, սովորել է օրդինատուրայում, այնուհետեւ եկել է Երեւան: Շուտով նա որոշել է միսիոներությամբ զբաղվել եւ մեկնել է Աֆրիկա:

«Նա մշտապես ցանկանում էր մարդկանց օգնել, բարեգործությամբ զբաղվել: Ես մայր եմ եւ նրա համար անհանգստանում եմ, բայց նրան դուր է գալիս այն, ինչով զբաղված է, նա այնտեղ երջանիկ է եւ կարող է մարդկանց օգնել, որոնք իսկապես օգնության կարիք ունեն»,- ասաց Անժելա Օհանյանը:

Աֆրիկական երկրներում, որտեղ պատերազմական գործողություններ են ծավալվում, վիրաբույժների մեծ կարիք կա, որոնք կարող են օգնել վիրավորներին եւ կյանքեր փրկել: Սակայն այնտեղ գինեկոլոգներն էլ են շատ պահանջված, այդ պատճառով Արմինե Բարխուդարյանն իսկապես շատ աշխատանք ունի՝ ե՛ւ Քենիայում, ե՛ւ Սուդանում: Նա, իհարկե, հարազատներին իր աշխատանքի մասին քիչ է պատմում՝ չի ցանկանում, որ նրանք անհանգստանան: Երբեմն միայն պատմում է, որ այնտեղ աշխատելը շատ դժվար է՝ հիվանդանոցներում պայմաններ չկան, որոնց վարժվել են զարգացած եւ զարգացող երկրների բժիշկները, չեն բավականացնում տեխնիկան եւ դեղերը: Այսպիսի պայմաններում է աշխատել Թոմ Կատինան, եւ հիմա նույն պայմաններում են աշխատում հայ բժիշկները:

«Դոկտոր Թոմ Կատինան ոգեւորել է դստերս,- ասում է Անժելա Օհանյանը,- Նա իսկապես ականավոր մարդ է: Ինքներդ մտածեք՝ քչերը կթողնեն իրենց տաքուկ եւ բարեկեցիկ կյանքը, որպեսզի մեկնեն հեռավոր լեռներում կորած հոսպիտալ եւ օգնեն մարդկանց, որոնք ոչ մի այլ օգնող չունեն»:

Երբ Թոմ Կատինան Սուդան վերադառնա, Արմինե Բարխուդարյանը Հայաստան կվերադառնա, հարազատների մոտ: Ճիշտ է, նրա մոր խոսքով, նա հազիվ թե Հայաստանում երկար մնա, ավելի շուտ դարձյալ հումանիտար միսիայով Աֆրիկա կգնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում