Մաշկի հարթաբջջային եւ բազալ բջջային քաղցկեղի շարքում մելանոման մաշկի չարորակ ուռուցքների տարատեսակներից մեկն է: Մելանոման ավելի հաճախ տեղակայվում է մաշկում, հազվադեպ՝ աչքի ցանցաթաղանթում եւ լորձաթաղանթներում: Մելանոման համարվում է առավել վտանգավոր չարորակ ուռուցքներից մեկը՝ այն արագ է առաջընթաց եւ հաճախ է ռեցիդիվներ ունենում, տարածվում գրեթե բոլոր օրգաններում:
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը եւ մաշկաբան Գեւորգ Շաքարյանը ներկայացրեցին մելանոմայի առաջացման մի քանի գործոններ:
1. Ուլտրամանուշակագույն ճառագայթում
Ուլտրամանուշակագույն ճառագայթները համարվում են մելանոմայի առաջացման հավանականության հիմնական գործոնը: Ուռուցքը զարգանում է մելանոցիտներից, որոնք մելանին պիգմենտ են արտադրում, որը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մոլանոցիտների գենետիկ նյութը վնասվում է, ինչի հետեւանքով մեծանում է ուռուցքի առաջացման հավանականությունը:
2. Ֆենոտիպ
Մարդու մոտ մելանոմայի առաջացման վտանգը կապված է նաեւ նրա արտաքինի հետ՝ սպիտակ մաշկը, բաց գույնի աչքերը եւ մարզերը, վարդագույն պեպենները վտանգի գործոն են համարվում: Եվ հակառակը՝ մուգ մաշկով եւ սեւահեր մարդիկ մելանոմայով հազվադեպ են հիվանդանում:
3. Տարիք
50 տարեկանից մեծ մարդիկ ավելի խոցելի են համարվում մելանոմայի, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների հանդեպ: Մասնագետների խոսքով՝ մելանոմայով տառապող հիվանդների մեծ մասը 65-80 տարեկան է: Կանանց մոտ մելանոման ավելի հաճախ ոտքերի վրա է առաջանում, տղամարդկանց մոտ՝ մեջքին:
4. Խալեր
Մարդիկ, ում մարմնի վրա 50-ից ավելի խալ կա, մտնում են մելանոմայի առաջացման ռիսկի խմբի մեջ: Բնականաբար, մելանոման ոչ միշտ է խալերից առաջանում, ուռուցքը երբեմն հայտնվում է նաեւ հարթ մաշկի վրա: Այդուհանդերձ, մեծ թվով խալեր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել եւ մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
5. Սոլյարի
Սոլյարի հաճախող մարդկանց մոտ մելանոմայի առաջացման հավանականությունը 70 տոկոսով մեծանում է: Հետաքրքիր է, որ մելանոմա է առավել հաճախ ախտորոշվում, ինչպես արդեն նշվեց, 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ, սակայն վերջին շրջանում այս հիվանդությունն ավելի հաճախ է հայտնաբերվում երիտասարդների մոտ, որոնք սոլյարի հաճախ են այցելում:
6. Այրվածքներ
Նույնիսկ մանկության տարիներին ստացած այրվածքները շատ տարիներ հետո կարող են մելանոմայի առաջացման պատճառ դառնալ: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս այրվածքներից պաշտպանվել մանկության տարիներից սկսած:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում