Թոմ Քաթինան հույս ունի հայ բժիշկների օգնությամբ վերքերի վակուում-թերապիայի համար ասպիրատորներ ձեռք բերել

27 մայիսի, 2017  23:45

«Ավրորա» մրցանակի հավակնորդ, բժիշկ Թոմ Քաթինան կցանկանար Սուդանում գտնվող հիվանդանոցում, որտեղ նա աշխատում է արդեն երկար տարիներ, ասպիրատոր ունենալ՝ քրոնիկ վերքերի վակուում-թերապիայի համար:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանել է, որ հայկական հիվանդանոցներից մեկում նման ասպիրատորներ է տեսել. հատուկ ապարատ, որը նպաստում է մեծ վերքերի ավելի արագ ապաքինմանը: Ասպիրատորները նրան դուր են եկել, եւ հասկացել է, որ դրանք կարող էին շատ օգտակար լինել Սուդանում, որտեղ ինքը հաճախ ստիպված է լինում վիրահատել եւ բուժել պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած հիվանդների, այդ թվում՝ փոքր երեխաների:

Քաթինան հույս ունի հայ բժիշկների օգնությամբ օգտակար կապեր հաստատել եւ 2-3 նման ասպիրատոր ձեռք բերել Սուդանի հիվանդանոցի համար:

Նշենք, որ Թոմ Քաթինան «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդներից է: Արդեն երկար տարիներ նա աշխատում է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցում: Քաթինան այնտեղ միակ բժիշկն է եւ պատասխանատու է շրջանի 750 հազար բնակիչների բուժսպասարկման համար: Հիվանդանոցը բավական հեռու է մյուս բնակավայրերից, եւ հիվանդները հաճախ ոտքով են այնտեղ հասնում:

Հիվանդանոցն այսօր 450 մահճակալ ունի, բայց հաճախ դրանք չեն բավականացնում՝ բոլոր հիվանդներին ու վիրավորներին ընդունելու համար. լրացուցիչ մահճակալները ստիպված են լինում պատշգամբում դնել: Մեծահասակների համար նախատեսված մեկ մահճակալին, որպես կանոն, միանգամից մի քանի երեխա է պառկում:

Հիվանդանոցում նաեւ ժամանակակից սարքավորումների պակաս կա: Ցավազրկման համար նրանք շատ հին սարքավորում են օգտագործում, իսկ մինչեւ վերջերս անդամահատումը սովորական սղոցով էին անում: Անցյալ ամսվա վերջին, Քաթինայի խոսքով, երկարամյա սպասումից հետո իրենց հիվանդանոցը վերջապես ռենտգենի ապարատ է ստացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում