Սրտի իշեմիկ հիվանդության հետ կապված գեներ են հայտնաբերվել

29 մայիսի, 2017  17:51

Աշխարհում մահացության ամենատարածված պատճառներից մեկի՝ սրտի իշեմիկ հիվանդության հետ գենոմի տասնյակ մասեր են կապված, սակայն մինչ օրս գիտնականներն ամբողջությամբ չեն հասկացել այդ հիվանդության գենետիկ նախադրյալները: Այդ հիվանդության հետ կապված շատ գեներ դեռ պետք է հայտնաբերվեն: University of Pennsylvania-ի, Stanford University-ի եւ Cambridge University-ի թիմերը սրտի իշեմիկ հիվանդության հետ կապված 15 նոր գեներ են բացահայտել

Դրա համար մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 250.000 մարդու գենոմ, որոնցից ավելի քան 88.000-ը տառապել է սրտի իշեմիկ հիվանդությամբ: Հայտնաբերված գեներից շատերը կապված են անոթների բջիջներում կատարվող պրոցեսների հետ: Բացահայտված գեներում տարբերությունները նկատվել են միաբջիջ պոլիմորֆիզմներում՝ ԴՆԹ-ի ոչ մեծ մասերում, որոնք տարբեր մարդկանց մոտ միայն մեկ նուկլեոտիդով են տարբերվում: Այդ մասերը պատասխանատու են բջիջների այնպիսի յուրահատկությունների համար, ինչպիսիք են հարթ մկանների բջիջների տարբերությունը, բորբոքման պրոցեսները եւ այլն:

Nature Genetics ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակ Դանիշ Սեյլխինը պարզաբանել է, որ սրտի իշեմիկ հիվանդությունները հաճախ ընտանիքի միանգամից մի քանի անդամի են վնասում եւ գենետիկ բնույթ են ունենում: Նա նշել է, որ իր խումբն ամենալայնածավալ հետազոտություններն է արել այդ թեմայով, որին մասնակցել են Եվրոպայից, Աֆրիկայից, Հարավային եւ Արեւելյան Ասիայից մասնագետներ: Հիմա գիտնականներն աշխատելու են այդ գեները ներառող կենսաբանական մեխանիզմների նույնականացման ուղղությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում