Հանրային խորհրդի անդամները նախարար Լեուն Ալթունյանի հետ քննարկել են հակածխախոտային նոր ռազմավարությունը, որով առաջարկվում է ընդլայնել հանրային վայրերում ծխելու արգելքը: Հանրային խորհրդի անդամները դրական են գնահատել նախարարության հակածխախոտային քաղաքականությունը՝ կարեւորելով հանրային առողջության ուղղությամբ իրականացվող քայլերը, միաժամանակ մտահոգություն հայտնել, որ կտրուկ քայլերը մեր երկրում կարող են ոչ ցանկալի հետեւանքներ առաջ բերել: «Երբ աշխարհում սկսվեց ծխախոտի դեմ պայքարը, եւ շատ երկրներում արգելվեց հանրային վայրերում ծխելը, ծխող մարդկանց առաջին արձագանքը այդ փոփոխությանը բացասական էր, քանի որ դա ընկալվում էր իբրեւ մարդու իրավունքների ոտնահարում: Սակայն զարգացած երկրներում այդ խնդիրն արագ հաղթահարվեց, եւ հանրային վայրերում չծխելն այսօր բնական եւ ընդունելի երեւույթ է»,-նշել է Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ հավելելով, որ անհարժեշտ է հաշվի առնել տնտեսվարողների շահերը, քանի որ մեր երկրում սոցիալական խնդիրը բավականին լուրջ է:
Լեւոն Ալթունյանը, պարզաբանելով նախաձեռնությունը, նշել է, որ իրենց նպատակը 5 տարվա ընթացքում 30 տոկոսով ծխողների քանակի նվազեցումն է, ինչն էլ իր հերթին 10 տոկոսով կնվազեցնի ուռուցքային հիվանդությունների քանակը: Այդ ցուցանիշներին հասնելու համար, ըստ նախարարի, պետք են կտրուկ քայլեր՝ տուգանքների ավելացում, հանրային վայրերում ծխելու արգելք եւ ծխախոտի գնի բարձրացում: «Եթե խոսքն արդյունքների մասին է, բաղադրատոմսը կա: Իսկ եթե այդ միջոցներն ավելի մեղմ լինեն, ապա արդյունքի հնարավոր կլինի հասնել ավելի երկար ժամանակահատվածում»,-ասել է Ալթունյանը:
Հանրային խորհրդում հնչել է առաջարկ հանրային վայրերում ծխելն ամբողջությամբ արգելելու փոխարեն գոնե որոշակի ժամանակահատվածում խրախուսման մեխանիզմների կիրառումը, ենթադրենք, հարկային արտոնությունների տեսքով կամ հակառակը, որից հետո կամաց-կամաց անցնել համատարած արգելքի: «Հայաստանում բոլոր քայլերը, որոնք կատարվել են կտրուկ, հանգեցրել են անցանկալի հետեւանքների: Այս դեպքում նույնպես կարող են հետեւանքները ծանր լինել, ուստի պետք է այդ ամենը ճկուն եղանակներով, փուլ առ փուլ իրականացնել»,-նշել է Վազգեն Մանուկյանը:
Խնդիրներից մեկն էլ գործող օրենքի չկիրառումն է, ըստ որի պետք է սահմանափակվի սրճարաններում, ռեստորաններում եւ այլ հանրային վայրերում ծխախոտի օգտագործումը:
Նախարարի հետ հանդիպմանը բարձրացվել են նաեւ էկոլոգիային, բժշկագիտությանը, բժիշկների մասնագիտական որակի բարձրացմանը, հեռահար բժշկության եւ սպորտային բժշկության զարգացմանը, դեղորայքի շուկային վերաբերող հարցեր:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում