Հայ բժիշկներն ինչպե՞ս են վերաբերվում հակածխախոտային նոր ծրագրին

6 հունիսի, 2017  16:00

Հայ հանրությունն այսօր ակտիվորեն քննարկում է ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիրը, որը ներկայացված է կառավարությանը: Ծրագրի վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ են հնչում. ոմանք անհամբերությամբ սպասում են հասարակական վայրերում ծխելն արգելելուն եւ ծխախոտի գնի բարձրացմանը, մյուսներն այսպիսի միջոցառումներից ահաբեկված են: Հայ բժիշկներն ինչպե՞ս են վերաբերվում այս ծրագրին:

Նյարդաբան Անուշ Գեւորգյանը վստահ է, որ հակածխախոտային ծրագիրն՝ իր բոլոր բաղադրիչներով հօգուտ երկրի քաղաքացիների կլինի եւ կօգնի առողջության պահպանմանը: Նրա խոսքով՝ ծրագրում մի շարք դրական կողմեր կան, պարզապես հարկավոր է բնակչությանը ճիշտ ներկայացնել:

Նյարդաբանի կարծիքով՝ մասնավորապես հասարակական վայրերում ծխելու արգելքը հրաշալի նախաձեռնություն է: Իհարկե, ոչ ոք չի կարող մարդկանց արգելել ծխել. եթե մարդը ցանկանում է ծխել, դա նրա իրավունքն է, բայց նա դա չպետք է անի հասարակական վայրերում՝ վտանգի ենթարկելով շրջապատի մարդկանց, այդ թվում՝ երեխաների առողջությունը:

Անուշ Գասպարյանի խոսքով՝ այս նախագիծն ուղղված չէ կոնկրետ մարդկանց՝ ծխողների դեմ, այլ ծխելու, որպես երեւույթի, դեմ: Գլխավոր նպատակն է ծխախոտի ծխի ազդեցության վտանգից այն մարդկանց զերծ պահելը, ովքեր չեն ծխում: Նյարդաբանը հիշեցրեց, որ, այսպես կոչված, պասիվ ծխելը առողջության համար մի շարք վտանգներ է պարունակում:

«Բժիշկները սովորաբար աջակցում են այն բոլոր միջոցառումներին, որոնք կարող են նպաստել ծխելուց բնակչության հրաժարվելուն»,- ամփոփեց նյարդաբանը:

Քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը համաձայն է այս կարծիքին:

Նա հիշեցրեց, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը մեծ թվով երկրներում է գործում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Ուռուցքաբան Արամ Բադալյանը երկար ժամանակ Ռուսաստանում է ապրել եւ աշխատել: Նրա խոսքով՝ հասարակական վայրերում ծխելու արգելքը ամենեւին չի խանգարում քաղաքացիների նորմալ կենսակերպին, ավելին՝ այս արգելքի շնորհիվ շատ ծխողներ իսկապես սկսում են ավելի քիչ ծխել, ինչն անկասկած օգտակար է ե՛ւ նրանց, ե՛ւ շրջապատողների համար:

Ուռուցքաբանի կարծիքով՝ Հայաստանը հիմա կանգնած է շատ կարեւոր փոփոխությունների առջեւ, որոնք երկրի զարգացման համար պարզապես անհրաժեշտ են:

Ինչ վերաբերում է ծխախոտի գնի թանկացմանը, ապա դա, մասնագետների կարծիքով, նույնպես կարող է նպաստել ծխելուց մարդկանց հրաժարվելուն: Բժիշկները հիշեցրին, որ եվրոպական եւ մի շարք այլ երկրներում ծխախոտի գները շատ բարձր են մեծ հարկերի պատճառով:

Բժիշկները նաեւ հիշեցրին, որ Հայաստանի բնակիչները սկզբում բավականին բացասաբար էին վերաբերվում անվտանգության ամրագոտիները մշտապես կապելու անհրաժեշտությանը, բայց ժամանակի ընթացքում գրեթե բոլոր վարորդները վարժվեցին ամրագոտիներին՝ ի վերջո, խոսքն իրենց անվտանգությանն է վերաբերում: Նույնը պետք է տեղի ունենա նաեւ հասարակական վայրերում ծխելու արգելքի եւ ծխախոտի գների բարձրացման հետ. հիմա այս միջոցառումները մարդկանց կարող են շատ խիստ թվալ, սակայն դրանք բխում են հանրության շահերից: Այս միջոցառումները շատերին կօգնեն հրաժարվել ծխելուց եւ շատ չծխողների կպաշտպանեն ծխախոտի ծխից:

Հիշեցնենք, որ նոր հակածխախոտային ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ օրենսդրական փոփոխությունները, առողջապահական ծառայությունների բարելավումը, իրազեկումը եւ միջազգային համագործակցությունը: Նրա խոսքով՝ ծրագրվել են օրենսդրական խիստ փոփոխություններ՝ ուղղված հասարակական վայրերում ծխելու արգելքին, գովազդի լիակատար արգելքին, այդ թվում՝ առեւտրի կետերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում