«Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում Սպիտակում կատարվել է 40 անվճար վիրահատություն

22 հունիսի, 2017  15:10

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ երեկ եղել է Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակում։ Նախարարը շրջել է կառուցվող մասնաշենքերում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին եւ որակին։

Նախարար Ալթունյանը հենց տեղում մասնագետների հետ քննարկել է բազմապրոֆիլ արդիական բժշկական կենտրոնի արդյունավետ կառավարմանը, կազմակերպվող ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաեւ համալիրի պահպանման ծախսերը նվազագույնին հասցնելուն վերաբերող հարցեր։

Այնուհետեւ նախարարը Հայկական ակնաբուժական ծրագրի համակարգող Նունե Եղիազարյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ իրականացվում էին աչքի կատարակտի անվճար վիրահատությունները թե՛ Հայկական ակնաբուժական նախագծի «Լույս հայի աչքին», թե՛ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում։

Բոլոր, այդ թվում` խորացված հետազոտությունները եւ վիրահատություններն իրականացվում են Հայկական ակնաբուժական նախագծի կողմից նվիրաբերված սարքավորումներով հագեցած բաժանմունքում։ Ավելին` նախագծի վիրահատող բժիշկը իր փորձը հաղորդել է Սպիտակի բժշկական կենտրոնի մասնագետներին։

Լեւոն Ալթունյանին տեղեկացրել են, որ նախարարության «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում արդեն վիրահատվել է 40 մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում