Ո՞ր ալերգեններն են առավել տարածված ամռանը

1 հուլիսի, 2017  15:36

Ամռանը մենք բավականին հաճախ ենք լսում «արևի նկատմամբ ալերգիայի» մասին։ Սակայն հիմնականում այդ ալերգիկ արձագանքների պատճառը ոչ թե արևն է, այլ ուրիշ ալերգեններ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ալերգաբան Զարուհի Կալիկյանը։

Ալերգաբանի խոսքով, ամռանը ալերգիկ արձագանքների պատճառը հիմնականում ծաղկափոշին է։ Շնչառական ուղիներով հայտնվելով օրգանիզմի մեջ՝ այն կարող է առաջացնել հիպերզգայունակության արձագանքներ, ու որպես կանոն՝ ալերգիկ ռինիտի ձևով։ ԻՆչ վերաբերում է արևին, ապա այն սովորաբար ալերգեն չէ, բայց արևային եղանակին օդը, որպես կանոն, բավականին չոր է լինում, ու աչքին անտեսանելի ծաղկափոշին ու այլ ալերգեններ բարձրանում են մինչև դեմքի մակարդակ։ Մարդը հիմնականում  չի տեսնում այդ ալերգենները, ու նրան թվում է, որ իր ալերգիկ արձագանքի պատճառն արևն է։ . 

Ամռանը նաև հաճախակի են մրգերի ու բանջարեղենի հանդեպ ալերգիկ արձագանքները՝ որպես կանոն դրանք խաչաձև արձագանքներ են։ Խաչաձև արձագանքը օրգանիզմի արձագանքն է մի քանի ալերգենների նկատմամբ, որոնք ունեն նմանատիպ կառուցվածք։  Նման ալերգիայի դեպքում մարդը, որը արձագանքում է մեկ գրգռիչի, կարող է նմանատիպ ախտանշաններ ունենալ նաև այլ նյութերի հետ շփման ժամանակ։  Օրինակ եթե մարդն ունի ալերգիա կեչու հանդեպ, նրա մոտ կարող է ալերգիկ արձագանք առաջանալ նաև որոշ մրգերի նկատմամբ, որոնք պարունակում են կեչուն մոտ մոլեկուլներ։ 

Զարուհի Կալիկյանը հիշեցրեց, որ ալերգիան ոչ միայն վատացնում է մարդու կյանքի որակը, այլև որոշ դեպքերում կարող է նաև լուրջ բարդացումների ու խնդիրների պատճառ դառնալ։ Ալերգիկ ռինիտը, օրինակ, կարող է վերածվել բրոնխային ասթմայի։ Դրա համար էլ ալերգիան անուշադրության մատնել չի կարելի։ Ալերգիայից ամբողջովին բուժվելը դեռ  հնարավոր չի թվում, սակայն իմունաթերապիան՝ բուժման ժամանակակից մեթոդը, օգնում է երկարատև ու կայուն ռեմիսիաներ ապահովել։  Կա նաև սիմպտոմատիկ բուժում, որը ինչպես կարելի է հասկանալ անվանումից, մարդուն ազատում է ալերգիայի ախտանիշներից ու բարելավում կյանքի որակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում