Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մեղմացրել է իր հակածխախոտային հայեցակարգի նախագիծը: Որոշվել է դրանից հանել ծխողների աշխատանքային ժամերը ծխելու ժամանակի չափով երկարաձգելու, ինչպես նաեւ 2015 թվականից հետո ծնվածներին ծխախոտի վաճառքն արգելելու մասին կետերը: Շուկայում ծխախոտային արտադրանքի մրցակցության զարգացման հարցերով Դաշնային հակամենաշնորհային ծառայությանն (ԴՀԾ) առընթեր փորձագիտական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ԴՀԾ հսկիչ-ֆինանսական վարչության ղեկավար Վլադիմիր Միշեկովինը:
Նախկինում ՌԴ առողջապահության նախարարության մշակած հակածխախոտային նախագիծը ենթադրում էր ծխողների աշխատանքային ժամերի ավելացում՝ ծխելու համար նրա յատկացրած ժամանակի չափով: Բացի այդ՝ հանել են 2015 թվականից հետո ծնված ռուսաստանցիներին 2033 թվականից ծխախոտի վաճառքի լիարժեք արգելքի մասին նորմը:
Նոր նախագծում արգելվում է ծխախոտային ընկերությունների կողմից հովանավորվող միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը: Միանման փաթեթավորման մասին նորմ է հայտնվել, որի վրա չպետք է ապրանքանշան եւ գովազդ լինի, այլ միայն արտադրանքի անվանումը: Արգելվում է նաեւ պետական աջակցություն ցուցաբերել ֆիլմերի նկարահանմանը, որոնցում ծխելու կադրեր կան:
Ծխելուն հակազդելու պետական քաղաքականության 2017-2022 թվականների հայեցակարգի նախագիծն ու հետագա հեռանկարները մշակվում են Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հանձնարարությամբ: Ներկայում նախագիծը լրամշակման փուլում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում