Վակուումային ստերեոտակտիկ բիոպսիա. կրծքի անհարկի վիրահատություններից խուսափելու հնարավորություն

20 հուլիսի, 2017  14:48

«Աստղիկ» բժշկական կենտրոնում ներդրել են կրծքագեղձի վակուումային ստերեոտակտիկ բիոպսիայի տեխնոլոգիան, որի օգնությամբ հնարավոր է կարեւոր տեղեկություններ ստանալ կրծքագեղձում կրակալման օջախների՝ միկրոկալցիֆիկատների վերաբերյալ: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայդելբերգի համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը, այս գործողության շնորհիվ կարելի է զգալիորեն կրճատել կրծքագեղձի ոչ անհրաժեշտ վիրահատությունների թիվը. եթե միկրոկալցիֆիկատները բարորակ են, դրանք հեռացնելու անհրաժեշտություն չկա:

Մասնագետի պարզաբանմամբ` կրծագեղձի քաղցկեղի բուժման կազմակերպման մեջ բիոպսիայի դերի կարեւորությունը չի կարելի թերագնահատել. այն օգնում է հասկանալ ոչ միայն հիվանդի մոտ գոյացության բարորակ կամ չարորակ լինելու բնույթը, այլեւ, կողմնորոշվել հետագա բուժման հարցում կամ հասկանալ, թե հատկապես ինչպիսի վիրահատություն պետք է կատարվի, եթե այն անհրաժեշտ է:

Սակայն Հայաստանի կլինիկաներից շատերում, ինչպես նշեց մասնագետը, բիոպսիան հաճախ անտեսում են, իսկ շատ հիվանդների առաջարկում են գոյացությունը «համենայնդեպս» հեռացնել: Արդյունքում` վիրաբույժները շատ հաճախ հեռացնում են բարորակ գյացությունները, որոնց ձեռք տալու կարիք չկար: Չի կարելի այսպես վարվել, պնդում է  Քրիստոֆ Զոնը:

«Ամբողջ աշխարհում, զարգացած բոլոր երկրներում այսօր աշխատում են վիրահատություններ կատարել միայն չարորակ ուռուցքների դեպքում: Հայաստանի որոշ հիվանդանոցներում բժիշկները հիվանդներին ասում են, որ իրենց ուռուցքը կարող է չարորակի վերափոխվել, ուստի այն պետք է վիրահատել, սակայն դա ճիշտ չէ. բարորակ գոյացությունները, որպես կանոն, չեն կարող չարորակի վերափոխվել»,- պարզաբանեց մասնագետը:

Բարորակ գոյացությունը չարորակից տարբերակելու եւ հասկանալու համար` կոնկրետ դեպքում վիրահատության կարիք կա, թե ոչ, անհրաժեշտ է բիոպսիա կատարել: Եթե հիվանդի մոտ այնպիսի նորագոյացություն է, որը կարելի է շոշափել կամ տեսնել ուլտրաձայնով, նրան կարող է կատարվել սովորական բիոպսիա: Իսկ եթե նրա կրծքում միկրոկալցիֆիկատներ են առկա` կրային նստվածքների ոչ մեծ օջախներ, որոնք չեն երեւում ո´չ ՈւՁՀ-ով, ո´չ ՄՌՏ-ով, ապա կպահանջվի վակուումային ստերեոտակտիկ բիոպսիա` մամոգրաֆիայի վերահսկողության ներքո:

Այս գործողության կատարման համար թանկարժեք սարքավորում է անհրաժեշտ, որն այս տարվա սկզբին «Աստղիկ» ԲԿ-ն ձեռք է բերել: Գործողությունն արդյունավետորեն կատարելու համար կենտրոնի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանը վերապատրաստում է անցել Հայդելբերգի համալսարանական կլինիկայում: Դրանից բացի, գերմանացի մասնագետները մի քանի անգամ Հայաստան են եկել, որ տեղ բժիշկներին օգնեն ավելի լավ յուրացնել սարքավորումը: Հենց այդ նպատակով էլ հերթական այցով հուլիսի 9-14--ին Քրիստոֆ Զոնը կրկին Հայաստանում էր: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը «Աստղիկ» ԲԿ է գալիս տարեկան 3-4 անգամ, իսկ մնացյալ ամբողջ ժամանակ տեղի բժիշկների հետ մշտապես կապի մեջ է:

Անհարկի  վիրահատությունները  չարիք են

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի ուռուցքաբան վիրաբույժ Գեւորգ Ասիլբեկյանը նշեց, որ ցանկացած վիրահատություն, նույնիսկ «ամենաանմեղը», հիվանդի համար վտանգներ է պարունակում:

«Ինչո՞ւ հենց այնպես, առանց որեւէ անհրաժեշտության ռիսկի դիմել, անգամ եթե այն փոքր է: Ոչ մեծ բարորակ ուռուցքները հեռացնելու կարիք չկա. այդպիսի ուռուցքներ կան կանանցից շատերի մոտ, եւ ոչ մի խնդիր չեն ստեղծում»,- պարզաբանեց մասնագետը:

Բարորակ ուռուցքներն առանց անհրաժեշտության չի կարելի հեռացնել մեկ այլ պատճառով եւս. Նունե Մաշուրյանի պարզաբանմամբ` վիրահատությունից հետո հիվանդի մոտ սպիներ են մնում, որը ոչ միայն կոսմետիկ խնդիր է, այլեւ դժվարացնում է ռադիոլոգի աշխատանքը, քանի որ սպիների տակ ուռուցքը տարբերակելը դժվար է:

Բարորակ ուռուցքը կարո՞ղ է չարորակի վերափոխվել

Հիվանդներից շատերն են վախենում բիոպսիա կատարելուց, քանի որ կարծում են, որ նման գործողությունից հետո բարորակ ուռուցքը կարող է չարորակի վերափոխվել, իսկ չարորակը կարող է արագ տարածվել:

Այս կարծիքը ընդամենը առասպել է, պնդում են Նունե Մաշուրյանը եւ Գեւորգ Ասիլբեկյանը: Բարորակ ուռուցքը չի կարող չարորակ դառնալ ո´չ բիոպսիայի հետեւանքով, ո´չ ընդհանրապես: Ֆիբրոադենոմաների միայն որոշ տարատեսակներ կան, որոնք կարող են չարորակ ուռուցք դառնալ, եւ բժիշկը կարող է դրանք հեռացնելու որոշում ընդունել: Նման ֆիբրոադենոմաները անմեղ ուռուցքներից տարբերակելու հարցում նույնպես կարող է բիոպսիան օգնել:

Բիոպսիայից հրաժարվելով` հիվանդները կա´մ ոչ անհրաժեշտ վիրահատությունների են ենթարկվում, կա´մ խնդիրն անտեսում են` բժշկի դիմելով արդեն չափից ավելի բարձիթողի վիճակում:

Ինչպե՞ս  է  անցկացվում վակուումային ստերեոտակտիկ  բիոպսիան

«Աստղիկ» ԲԿ-ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանը նշեց, որ հիվանդը նստում է մամմոգրաֆի մոտ, եւ մասնագետը հետազոտելով նրա կրծքագեղձը` ընտրում է այն անհրաժեշտ տեղը, որտեղից պետք է հյուսվածքների նմուշներ վերցվեն: Հաշվարկներ կատարելիս նրան համակարգիչն է օգնում: Ընտրվում է օգտագործվող ասեղի չափը: Սարքը կրծքի վրա գտնում է անհրաժեշտ տեղը եւ անհրաժեշտ խորությունը, որտեղից էլ վակուումի միջոցով նմուշը վերցվում է: Նմուշը հոյուսվածքաբանական հետազոտության ուղարկելուց առաջ եւս մեկ անգամ զննում են մամոգրաֆի միջոցով` համոզվելու համար, որ այնտեղ միկրոկալցիֆիկատներ կան։ Հյուսվածքաբանը, նմուշը հետազոտելով, արդեն եզրակացություն է տալիս դրա բնույթի մասին:

Կրծքագեղձի այն տեղում, որտեղից նմուշ է վերցվել, մասնագետը հատուկ կլիպ մարկեր է տեղադրում: Հիվանդը դա չի զգա, սակայն մամոգրաֆիայով հաջորդ հետազոտության ժամանակ այն մասնագետին թույլ կտա տեսնել, թե բիոպսիան որ հատվածից է կատարվել: Իսկ եթե պարզվի, որ հիվանդի մոտ չարորակ ուռուցք է, որը պետք է հեռացնել, կլիպ մարկերը վիրաբույժին կօգնի ճշգրիտ որոշել այն տեղը, որտեղ պետք է վիրահատությունը կատարվի:

Վակուումային ստերեոտակտիկ բիոպսիայից հետո հիվանդների մոտ սովորաբար ոչ մի խնդիր չի առաջանում եւ սպիներ չեն մնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում