Հնդկաստանում հիվանդն ուղեղի վիրահատության ժամանակ կիթառ է նվագել

21 հուլիսի, 2017  17:31

Հնդկաստանում կատարվել է 37-ամյա երաժիշտ Աբհիշեք Փրասադի ուղեղի արտասովոր վիրահատություն: Բազմաժամյա վիրաբուժական միջամտության ընթացքում հիվանդը գիտակցության մեջ է եղել եւ կիթառ է նվագել:

Փրասադը բժիշկների օգնությանն է դիմել, երբ դադարել են գործել աջ ձեռքի մատները: Բժիշկները պարզել են, որը հիվանդի մոտ ծանր նյարդաբանական խանգարում է առաջացել, որը հայտնի է որպես ֆոկալ դիստոնիա կամ «երաժիշտի սպազմ»:

Բանգալորի Bhagwan Mahaveer Jain հիվանդանոցում բժիշկները տեղային նարկոզով ծակել են տղամարդու գանգը եւ էլեկտրոդների միջոցով «այրել» գլխուղեղի ախտահարված հատվածները:

«Աբհիշեքի գիտակցությունը սթափ է եղել եւ կիթառ է նվագել: Սա մեզ համար շատ կարեւոր էր հասկանալու համար՝ խնդիրը հաջողությա՞մբ ենք արդյոք լուծում եւ առաջընթաց նկատվո՞ւմ է»,- ասել է վիրաբույժ Շարան Շրինիվասանը:

Իր Փրասադի խոսքով՝ վիրահատության ժամանակ կիթառ նվագելուց ինքը շատ էր հոգնել, սակայն հետո անսահման երջանիկ էր, երբ մի քանի ժամ անց մատները զգացել է, իսկ հետո կարողացել շարժել, ինչպես նախկինում: Նա ցավի զգացողություններ չի ունեցել, քանի որ ուղեղը ցավի ռեցեպտորներ չունի, իսկ թաղանթները հատելու առաջին փուլում նարկոզի ազդեցության ներքո էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում