Մահացող Չարլի Գարդի ծնողները համաձայնվել են նրան անջատել կենսապահովման սարքերից (ֆոտո)

25 հուլիսի, 2017  15:32

Բրիտանացի 11-ամսական Չարլի Գարդի ծնողները, որը հիվանդ է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հյուծման համախտանիշով, հրաժարվել են նրա կյանքի համար պայքարից: Նրանք հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց որդուն այլեւս անհնար է օգնել, եւ իրենց համաձայնությունն են տվել կենսապահովման համակարգերից անջատելուն:

«Մենք պատրաստվում ենք ամենածանր քայլերից մեկն անել, որ երբեւէ մեզ վիճակվել է անել, եւ ազատել մեր փոքրիկ Չարլիին»,- Լոնդոնի բարձրագույն դատարանի մոտ ասել է երեխայի հայրը՝ Քրիս Գարդը, արտասուքը հազիվ զսպելով: Հայտարարության մեջ, որը կնոջ՝ Քոննի Յեյթսի հետ ընթերցել է Հարդը,  նշված է, որ իրենք կցանկանային վերջին րոպեներն անցկացնել որդու հետ եւ խնդրել են այդ ընթացքում իրենց չանհանգստացնել:

Խնդրանքը ետ կանչելու որոշումն ընդունվել է ամերիկացի բժշկի կողմից բժշկական վերջին հետազոտության արդյունքներն ուսումնասիրելուց հետո, որը ցույց է տվել երեխայի օրգանիզմում անուղղելի վնասվածքների առկայությունը: Ամերիկացի նյարդաբան Միշիո Հիրանոն այն եզրակացությանն է հանգել, որ առկա պայմաններում փորձնական թերապիայի անցկացումն իմաստ չունի:

Չարլի Գարդը ծնվել է 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ չափազանց հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հյուծման համախտանիշով: Այս հիվանդությունը մկանային հյուսվածքի պրոգրեսիվ ատրոֆիա եւ ուղեղի վնասվածք է առաջացնում:

Երեխայի օրգանները նորմալ գործառնության համար բավարար էներգիայով չեն ապահովվում: Բժիշկների խոսքով՝ այս պահին փոքրիկը չի լսում, չի տեսնում, չի կարողանում շարժվել, լաց լինել կամ կլլել, իսկ ուղեղի վնասվածքներն անուղղելի են:

Այս հիվանդությունն այնքան հազվագյուտ է, որ բժիշկների կարծիքով՝ աշխարհում դրանով ախտահարված է ընդամենը 16 մարդ:

Հարդ ամուսինների կարծիքով՝ երեխայի բուժման ժամանակը կորցրել են Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի հետ բյուրոկրատական պայքարի պատճառով:

Լոնդոնի Great Ormond Street հիվանդանոցի բժիշկները, որտեղ երեխան գտնվում է, կարծում են, որ այս դեպքում բժշկությունն անզոր է: Նրանք ծնողներին խորհուրդ են տվել երեխային անջատել կենսապահովման սարքից:

Ավելի վաղ բրիտանական դատարանները եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում են ընդունել երեխային արհեստական շնչառության եւ կենսապահովման սարքերից անջատելու անհրաժեշտության մասին, քանի որ հետագա բուժումը նրան միայն վնաս կպատճառի:

Սակայն Քոննի Յեյթսը եւ Քրիս Հարդը սկսել են միջոցներ հավաքել՝ որդուն ԱՄՆ տանելու համար, որտեղ փորձնական բուժման միջոցներ են մշակվում: Նրանց հաջողվել էր հավաքել 1,3 մլն ֆունտ (մոտ 1,7 մլն դոլար): ԱՄՆ իշխանությունները երեխային ամերիկյան քաղաքացիություն էին տրամադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում