Ինչպե՞ս է Հայաստանում կազմակերպվում «քնքուշ մարդասպանի»՝ հեպատիտ С-ի բուժումը

27 հուլիսի, 2017  19:45

Մայիսից մեկնարկել է Հայաստանի առողջապահության նախարարության՝ հեպատիտ С-ի բուժման ծրագիրը։ Դրանում ընդգրկված են 1000 հիվանդներ, բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հուլիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նախարար Լեւոն Ալթունյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը, նախարարի խոսքով, շուրջ 110 մլն դրամ է գնահատվում, որից 85 մլն դրամը «Սովալդի» նորագույն դեղամիջոցի արժեքն է, որը Վրաստանի կառավարությունն է նվիրել։ 

ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի խոսքով՝ Հայաստանը 3000 տուփ «Սովալդի» է ստացել, որի գինը համաշխարհային շուկայում մեկ տուփի համար 17 հազար դոլարից է սկսվում։

Հեպատիտ С-ի բուժումն իրականացվում է եգիպտական արտադրության «Դակլատասվիր» դեղամիջոցի համադրությամբ ու տեւում է 3 ամիս։ Բուժման արդյունավետությունը 95 տոկոսի է հասնում։

«Ծրագրում ներառված հիվանդներն անվճար են ստանում «Սովալդի» դեղամիջոցը։ «Դակլատասվիրի» համար բուժման առաջին ամսում նրանք վճարել են 17.400-ական դրամ, հետո այն անվճար են ստանալու»,- ասաց Կազինյանը։

Բուժումը սկսելուց առաջ բոլոր 1000 հիվանդները հետազոտվել են, որի կարեւորագույն բաղադրիչներն էին հեպատիտ С-ի վիրուսի գենոտիպի որոշումը ու էլաստոգրաֆիան (լյարդի հյուսվածքի հետազոտությունը)։

1000 հիվանդների համար այդ անալիզներն արժեցել են 45 հազար դրամ։ Նրանց համար, ովքեր ներառված չէին ծրագրում, այն արժենալու է շուրջ 90 հազար դրամ։ Այդ անալիզներն արվելու են եւս մի քանի անգամ՝ բուժման ընթացքում ու դրա ավարտից հետո՝ կիրառվող դեղամիջոցների արդյունավետությունը գնահատելու համար։

Ընդանուր առմամբ, ծրագրին մասնակցում է 32 բժիշկ։ 1000 հիվանդից 666-ը Երեւանից է, 334-ը՝ մարզերից։ Ընդամենը Հայաստանում պաշտոնական տվյալներով վարակված է մոտ 2130 մարդ։

«Իրականում նրանց թիվն ավելի շատ է,- հավելեց Ղազինյանը,- նախնական տվյալներով՝ Հայաստանի բնակչության մոտ 4-5 տոկոսը վարակված է հեպատիտ С-ով։ Բայց բանն այն է, որ, որպես կանոն, հիվանդությունը անցնում է առանց ակնհայտ ախտանիշերի, հետեւաբար, շատերը չգիտեն այն մասին, որ հիվանդ են։ Իզուր չեն հեպատիտ С-ն անվանում «քնքուշ մարդասպան»։ Մարդիկ իրենց հիվանդության մասին իմանում են, երբ նրանց մոտ արդեն լյարդի ցիրոզ է ախտորոշվում»։

1000 հիվանդների ընտրության գլխավոր չափանիշն է եղել օրգանիզմում վիրուսի առկայությունը։ Ամենաերիտասարդ հիվանդը 17 տարեկան է, ամենատարեցը՝ 80։ 

Հեպատիտ С-ի «Սովալդի» դեղամիջոցով բուժման կուրսն ԱՄՆ-ում արժե մոտ 100 հազար դոլար, իսկ Եվրոպայում՝ 60-80 հազար դոլար։ 

Հեպատիտ С-ով վարակվելու հավանականություն կա վարսավիրանոցներում, գեղեցկության սրահներում, դաջվածքի սրահներում, որտեղ օգտագործում են բազմակի գործածման գործիքներ։ Նաեւ հիվանդությունը կարելի է ձեռք բերել ատամնաբույժի մոտ կամ վիրահատական միջամտությունների ժամանակ։ Մեծ վտանգի են ենթարկվում անձինք, ովքեր ներերակային թմրանյութ են ընդունում ու անկանոն սեռական կյանք վարում։ 

Նշենք, որ հուլիսի 28-ին նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում