ՌԴ-ում ծխելուց հրաժարվելու համար դեղորայքը կարեւորագույնների ցանկում չեն ներառի, բայց անվճար կբուժեն

2 օգոստոսի, 2017  12:44

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հրաժարվել է կախվածության համախտանիշի եւ ծխախոտից հրաժարվելու թերապիայի ժամանակ օգտագործվող դեղամիջոցները կենսական անհրաժեշտության եւ կարեւորության դեղորայքի ցանկում ներառելու գաղափարից: Այս մասին ասված է հակածխախոտային պետական քաղաքականության՝ 2017-2022 թվականների հայեցակարգի թարմացված տարբերակում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նախարարությունը նախատեսում է մինչեւ օգոստոսի վերջ ավարտին հասցնել այլ գերատեսչությունների հետ հակածխախոտային հայեցակարգի համաձայնեցման գործընթացն ու այն ներկայացնել կառավարություն: Թարմացված տարբերակում նախատեսվում է «քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերել կախվածության համախտանիշի եւ ծխելուց հրաժարվելու դեպքում՝ անվճար բուժօգնություն ապահովելու պետական երաշխիքների ծրագրին համապատասխան»:

Հայեցակարգի հեղինակները պնդում են ակցիզի դրույքաչափի ավելացման հարցում՝ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի երկրների միջին մակարդակին հասնելու համար (առնվազն 2.38 դոլար՝ մեկ տուփի համար): Առաջարկվում է արգելել ծխախոտային բուրավետիչները, թեթեւ եւ թունդ ծխախոտի տարանջատումը, իսկ ծխախոտի տուփն առավելագույնս անշուք դարձնել՝ մակերեսի 65%-ը զբաղեցնելով նախազգուշացնող գրությամբ: Առաջարկվում է նաեւ նույնիսկ առեւտրի կենտրոնների տարածքում ծխախոտի վաճառքն առանձին կրպակներում կազմակերպել, որոնք սովորական դրամարկղերից հեռու կլինեն առնվազն հինգ մետր: Առաջարկվում է նախազգուշացնող գրությունը երեք տարին մեկ փոխել եւ այն տեղակայել ոչ միայն տուփի վրա, այլեւ ծխախոտի ֆիլտրերին:

Գերատեսչությունում նաեւ կարծում են, որ արդյունավետ կլինի պետական աջակցությամբ ֆիլմերի արգելքը, որտեղ ծխելը որպես գեղարվեստական հնարք է օգտագործվում:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն ձեռնարկված հակածխախոտային միջոցառումների շնորհիվ 2009 թվականից մեծահասակ բնակչության շրջանում ծխողների թիվը 39%-ից կրճատվել է՝ 2016 թվականին հասնելով 31%-ի: Բացի այդ, ըստ հայեցակարգի, 2 անգամ կրճատվել է տանը պասիվ ծխողների թիվը, 2.5 անգամ էլ՝ հանրային վայրերում: Միջինը 2 անգամ կրճատվել է նաեւ ծխախոտի մատչելիությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում