Ինչո՞ւ է նախընտրելի պաղպաղակը տանը պատրաստել. պարզաբանում է դիետոլոգը

12 օգոստոսի, 2017  21:29

Պատկերացումներն այն մասին, որ շոգ եղանակին պաղպաղակը կարող է զովացնել, արմատապես սխալ են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց դիետոլոգ Հասմիկ Եղիազարյանը: Ավելին, նրա խոսքով, գործարանային պաղպաղակը, որպես կանոն, մի շարք վնասակար հավելանյութեր է պարունակում:

«Պետք է ասեմ, որ պաղպաղակի գրեթե բոլոր տեսակները՝ անկախ արտադրող ընկերությունից, արմավենու յուղ են պարունակում, եթե նույնիսկ փաթեթի վրա այդ մասին նշված չէ: Այդ յուղը մեծ դժվարությամբ է դուրս գալիս օրգանիզմից: 40 աստիճանի դեպքում 2-3 գրամ արմավենու յուղ է հալվում, իսկ մեր օրգանիզմի ջերմաստիճանի նորման 36.6 աստիճանն է»,- ասաց նա՝ հավելելով, որ դժվար է ենթադրել, որ մենք պաղպաղակ կուտենք 40 աստիճան ջերմության դեպքում: Հետեւաբար՝ արմավենու յուղում պարունակվող տրանս-ճարպերը մեր օրգանիզմը չի յուրացնում, իսկ դրանք շատ վտանգավոր են օրգանիզմի համար:

Հասմիկ Եղիազարյանը պաղպաղակի սիրահարներին խորհուրդ է տալիս այն տանը պատրաստել: Բարեբախտաբար՝ տնային պայմաններում կաթի եւ մրգերի օգտագործմամբ պաղպաղակ պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում