Ցրված սկլերոզի 4 հնարավոր պատճառ

22 օգոստոսի, 2017  23:40

Ցրված սկլերոզը շարունակում է մնալ ամենահանելուկային հիվանդություններից մեկը. հիվանդության առաջացման ճշգրիտ պատճառները գիտությանը դեռեւս անհայտ են: Բրիտանական NHS Choices-ի մասնագետները հայտնել են հիվանդության մի շարք հնարավոր պատճառների մասին:

Գեներ

Ցրված սկլերոզը (ՑՍ) ժառանգական հիվանդություն չի համարվում, սակայն կարծիք կա, որ այն մարդկանց շրջանում, որոնք այս հիվանդությամբ ազգականներ ունեն, առաջացման հավանականությունը մեծ է: ՑՍ-ի դեպքերի մոտ 2-3 տոկոսն առաջանում է այս հիվանդությամբ տառապողի երեխայի կամ եղբոր/քրոջ մոտ:

Արեւի լույսի եւ D վիտամինի պակաս

Հյուսիսային երկրներում ցրված սկլերոզն ավելի տարածված է, քան հարավային երկրներում: Հնարավոր է՝ սա կապված է արեւի լույսի եւ D վիտամինի պակասի հետ: Սակայն դեռեւս հայտնի չէ՝ այս վիտամինի պարունակությամբ սննդային հավելումները կարո՞ղ են ՑՍ-ից պաշտպանություն ապահովել:

Ծխել

Ծխողները ցրված սկլերոզով 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան չծխող մարդիկ: Ի տարբերություն վտանգի այլ շատ գործոնների, մարդն այս գործոնի վրա կարող է ներգործել. ծխելուց հրաժարվելը ցանկացած դեպքում մարդու համար օգտակար կլինի:

Վիրուսային ինֆեկցիաներ

Տարածված կարծիքի համաձայն՝ որոշ վիրուսային ինֆեկցիաներ, օրինակ՝ Էփշթեյն Բարի վիրուսը, կարող են իմունային համակարգը գրգռել եւ որոշ հիվանդների մոտ նպաստել ցրված սկլերոզի առաջացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում