Գիշերային աշխատանքն ու ծանրություն բարձրացնելու սովորությունը կարող են կանանց խանգարել հղիանալ

23 օգոստոսի, 2017  11:53

Այն կանայք, ովքեր գիշերային հերթափոխով են աշխատում կամ գործի բերումով ստիպված են ծանրություն բարձրացնել, ձվաբջիջների քիչ պաշար եւ հղիանալու հետ կապված խնդիրներ ունեն, քան նրանք, ովքեր աշխատում են 9-ից 17-ը: Այս մասին ասված է Occupational & Environmental Medicine-ում հրապարակված հետազոտությունում:

Մասաչուսեթսի վերարտադրողական առողջության կլինիկայում բուժվող միջինը 35 տարեկան 400 կանանց առողջական տվյալների վերլուծությունը միանշանակ կապ է բացահայտել էմբրիոն դառնալու ունակ որակյալ ձվաբջիջների պաշարի, հղիանալու համար կարեւոր հորմոններ մակարդակի եւ աշխատանքի պայմանների միջեւ (ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու աշխատավայրում անցկացվող ժամանակը):

Կանանց շուրջ 40%-ն աշխատավայրում կանոնավորապես ծանր առարկաներ են շարժել կամ բարձրացրել: Ֆիզիկական աշխատանք կատարող կանանց մոտ գիտնականները ձվաբջիջների նվազ պաշար եւ ֆոլիկուլների նվազ քանակություն են հայտնաբերել: Իսկ երեկոյան կամ գիշերային հերթափոխով աշխատող կանանց մոտ այս ցուցանիշն ավելի պակաս է եղել: Ամենավատ իրավիճակը 37 տարեկանն անց եւ գիշերային հերթափոխով աշխատող կանանց մոտ է:

Չնայած այս ամենին՝ գիտնականները չեն կարող վստահաբար պնդել, որ հենց այս գործոններ են այս կանանց մոտ հղիության հետ կապված խնդիրների պատճառ դարձել:

Ձվաբջիջների պաշարի վրա կարող են ազդել նաեւ այլ գործոններ: Օրինակ՝ համարվում է, որ ծխելը բացասաբար է անդրադառնում կանանց ձվաբջիջների պաշարի եւ հղիանալու ունակության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում