Որքա՞ն են վաստակում բուժաշխատողները Գերմանիայում

30 օգոստոսի, 2017  11:56

Աշխատանքի հարցերի գերմանական դաշնային գերատեսչությունը տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց միջին ամսական աշխատավարձի մասին 2016 թվականի տվյալներն է ներկայացրել:

Դրանց համաձայն՝ Գերմանիայում առանց մասնագիտության հիվանդների խնամքով զբաղվողները միջինը 3240 եվրո են ստացում՝ առանց հարկերի հաշվարկման, իսկ մասնագիտական կրթություն ստացած բուժքույրերը՝ 3629 եվրո: Տարեցների խնամքով զբաղվողներն ամսական շուրջ 2621 եվրո են ստանում, կրտսեր բուժաշխատողները՝ 2157 եվրո:

Ինչ վերաբերում է բժիշկներին. միջին վիճակագրական բժիշկն ամսական ստանում է առնվազն 5400 եվրո: Իհարկե, բժիշկների աշխատավարձերը կարող են շատ տարբեր լինել՝ կախված մասնագիտացումից եւ շրջանից, որտեղ աշխատում են:

Հետաքրքիր է, որ գերմանական դաշնային տարբեր հողերում բուժաշխատողների աշխատավարձերը զգալիորեն տարբերվում են: Այսպես, առանց մասնագիտության հիվանդների խնամքով զբաղվողները Ներքին Սաքսոնիայում եւ Արեւելյան հողերում, այդ թվում՝ Բեռլինում, միջինւ 2753-ից 3240 եվրո են ստանում, մինչդեռ այլ շրջաններում՝ 3241-ից 3705 եվրո:

Ընդհանրապես, նախկին ԳԴՀ-ի շրջաններում բուժաշխատողների եկամուտները զգալիորեն ավելի քիչ են, քան արեւմտյան հողերում: Սակայն այստեղ ավելի դինամիկ աճ է գրանցվում: Այսպես, տարեցների խնամքի ոլորտում 2015-2016 թվականներին Արեւելքում աճը կազմել է 4-5.6%, մինչդեռ երկրում աշխատավարձերը միջինը բարձրացել են 2.5%-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում