Արգանդում եզակի վիրահատությունը փրկել է երկվորյակ աղջիկներին

31 օգոստոսի, 2017  22:48

Հղիության 13-րդ շաբաթում 35-ամյա Բիանկա ՄակԿեւինը տեղեկացել է, որ ամուսնու հետ ունենալու են միաձու երկվորյակներ: 3 շաբաթ հետո ամուսիններին պակաս հաճելի նորություն էր սպասում՝ երկվորյակները հազվագյուտ խանգարում ունեին, որի հետեւանքով աղջիկներից մեկը ստանում էր արյան եւ սնուցող նյութերի մեծ մասը եւ սրտի վրա մեծ ծանրաբեռնվածությունը, մինչդեռ երկրորդ աղջկան ոչինչ չէր մնում: Առանց վիրաբուժական միջամտության 2 աղջկան էլ մահ էր սպառնում:

Աղջիկներին փրկելու համար King’s College Hospital-ի (Մեծ Բրիտանիա) վիրաբույժները որոշել են կատարել վտանգավոր եւ շատ բարդ վիրահատություն, որի ընթացքում պետք է ընկերքում անջատեին ընդհանուր արյունատար անոթները եւ այնպես անեին, որ յուրաքանչյուրն ունենար արյան շրջանառության առանձին համակարգ: Վիրահատության հաջողության դեպքում 75-80 տոկոսի հավանականություն կար, որ աղջիկներից գոնե մեկը ողջ կմնա: Սակայն վիրահատությունը կարող էր  նաեւ երկուսի համար էլ ճակատագրական լինել:

Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել, աղջիկները ողջ են մնացել եւ ծնվել են հղիության 27-րդ շաբաթում: Յուրաքանչյուրի քաշը 1 կգ-ից պակաս էր:

Հիմա Դաքոթան եւ Սքարլեթը իրենց լավ են զգում: Նրանք արդեն 9 ամսական են, եւ նրանց ծնողներն ուրախ են, որ վիրահատությանը համաձայնվել են, որը նրանց կյանքը փրկել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում