Սնունդ երգիչների համար. Ինչպիսի մթերքներ ուտել, ինչպիսիք՝ ոչ

3 սեպտեմբերի, 2017  16:08

Շատերին թվում է, թե երգիչները պետք է որոշակի սննդակարգի հետեւեն, որ չգիրանան եւ լավ տեսք ունենան: Իրականում ճիշտ սննդակարգը կարող է երգչին օգնել պահպանել ձայնալարերի առողջությունը, որ բեմում լավ հնչեն, պնդում է սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը:

Եվ այսպես՝ ինչպիսի մթերքներ արժե օգտագործել, ինչպիսիք՝ ոչ:

Կաթը եւ կաթնամթերքներն օգնում են կոկորդում լորձի առաջացմանը, որը կարող է երգչին վատ ծառայություն մատուցել: Հենց այս պատճառով, ինչպես նշեց մասնագետը, պրոֆեսիոնալ երգիչներին համերգից 24 ժամ առաջ խորհուրդ ՉԻ տրվում այս մթերքներն օգտագործել: Որոշ երգիչներ ձայնն ալկոհոլով են «տաքացնում», սակայն երկարաժամկետ հեռանկարում ալկոհոլը կոկորդն ու ձայնալարերը միայն գրգռում է, ուստի երգիչներին խորհուրդ է տրվում ալկոհոլին մեծագույն զգուշությամբ վերաբերվել: Օրվա ընթացքում ըմպելիքներից խորհուրդ է տրվում խմել միայն գոլ ջուր՝ ոչ տաք, ոչ սառը: Մասնագետը նշեց, որ շատ երգիչներ լեզվի տակ են դնում անանուխի հաբեր՝ մտածելով, որ դա օգտակար է ձայնալարերի եւ կոկորդի համար: Իրականում անանուխը կոկորդը գրգռում է, եւ մասնագետի խոսքով՝ կտրականապես չի կարելի այն լեզվի տակ դնել: Երգիչներին խորհուրդ չի տրվում նաեւ յուղոտ սնունդ օգտագործել, հատկապես համերգից կարճ ժամանակ առաջ: Երգչի սննդակարգում բանջարեղենը պետք է մեծ քանակությամբ լինի. բանջարեղենը կոկորդը չի գրգռում եւ շատ օգտակար է առողջության համար: Ինչ վերաբերում է մրգերին, ապա պետք է նախապատվություն տալ այն մրգերին, որոնք չեն գրգռում, օրինակ՝ բանանին եւ խաղողին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում