Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ պայքարի համար

13 հոկտեմբերի, 2017  17:51

Վերջերս Հայաստանի կառավարությունը հաստատել է ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որի շրջանակներում մոտակա ամիսներին նախատեսվում է սկսել մի շարք միջոցառումներ՝ ուղղված ծխողների թվի նվազեցմանը, չծխողների համար այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ նրանք ստիպված չեն լինի ծխախոտի ծուխը շնչել։

Ինչպիսի քայլեր են անհրաժեշտ Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ պայքարի համար։ Իր կարծիքն է հայտնել առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը։

Վաճառքի սահմանափակում

Անչափահասները չպետք է ծխախոտ եւ ծխախոտային ցանկացած ապրանք գնելու հնարավորություն ունենան, անգամ «ծնողների համար»։ Նման արգելքը կօգնի երեխաներին եւ դեռահասներին հեռու պահել ծխախոտի հասանելիությունից։ Լավագույն տարբերակն այն կլիներ, որ ծխախոտ գնողից  անձնագիր պահանջվեր, ինչպես դա արվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Բացի այդ, Արսեն Թորոսյանը կարծում է, որ ծխախոտի վաճառքը սուպերմարկետներում եւ մթերային խանութներում պետք է արգելվի․ ծխախոտը  պետք է վաճառվի հատուկ կրպակներում՝ հեռու դեռահասների եւ չծխողների աչքից։

Առողջապահության նախարարի խոսքով՝ ծխախոտի վաճառքը ցանկալի է արգելել նաեւ դպրոցների, հիվանդանոցների եւ մշակութային կենտրոնների մոտակայքում գտնվող խանութներում։

Գնային քաղաքականություն

Ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը ծխախոտի գնի բարձրացում չի նախատեսում։ Այնուամենայնիվ, ճիշտ գնային քաղաքականությունը ծխելու դեմ պայքարում կարող է մեծ դեր խաղալ, կարծում է Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում միջին ծխողը ծխախոտի վրա ամսական ծախսում է շուրջ 15000 դրամ։ Շատերի համար դա այնքան էլ մեծ գումար չէ, սակայն, եթե ծխախոտի գինը բարձրանա, եւ մարդիկ ստիպված լինեն ամսական 30-45000 դրամ ծախսել, նրանք կսկսեն լրջորեն մտածել ծխելուց հրաժարվելու մասին։

Եթե ծխախոտն ավելի թանկ լինի, քան այսօր է, այն ավելի քիչ հասանելի կլինի երեխաների եւ դեռահասների համար.  նրանցից շատերը կնախընտրեն իրենց գրպանի փողով գնել ուտելիք կամ այլ բան, քան ծխախոտ։

Գովազդի արգելք

Արդեն Թորոսյանի կարծիքով ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի ցանկացած գովազդ պետք է արգելվի։ Չպետք է լինեն պաստառներ, տեսանյութեր եւ գովազդներ Facebook-ում։ Ավելին, պետք է արգելել ոչ միայն ծխախոտային արտադրանքի  գովազդը, այլեւ դրանք ներմուծող բրենդերը եւ գովազդի այնպիսի տարբերակները, ինչպես զեղչերը եւ անվճար օրինակները։

Ծխախոտների ցուցադրումը խանութների ցուցափեղկերին եւս պետք է արգելվի։

Հասարակական վայրերում ծխելու արգելք

Հասարակական վայրերում այդ թվում՝ սրճարաններում եւ ռեստորաններում ծխելը պետք է խստիվ արգելվի։ Ավելին՝ արգելքը խախտելու համար պետք է մեծ տուգանքներ սահմանվեն, այդ դեպքում այդ հաստատությունների տերերը իրենք շահագրգռված կլինեն, որ իրենց մոտ չծխեն։

Ֆիլմեր

Հեռուստահաղորդումների եւ ֆիլմերի ընթացքում չպետք է լինեն ծխելու տեսարաններ, եթե միայն այդ տեսարանները պայմանավորված չեն պատմական փաստերով։ Եթե ծխելու տեսարանը ոչ մի կերպ հնարավոր չէ հանել ֆիլմից կամ հաղորդումից, սկզբում եւ վերջում ցանկալի է ծխելու վնասակարության մասին նախազգուշացում դնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում