«Իզմիրլյան» ԲԿ-ում նախկինում 7 անգամ վիրահատված հիվանդի կոնքազդրային հոդի ռեւիզիա են կատարել

17 հոկտեմբերի, 2017  11:58

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում նախկինում արդեն 7 անգամ վիրահատված 65 տարեկան հիվանդի կոնքազդրային հոդի ռեւիզիա է կատարվել: Նա բժշկական կենտրոն է ընդունվել ծանր բարդություններով՝ իմպլանտի տեղաշարժմամբ եւ հարակից հյուսվածքների ինֆեկցիայով: Վիրաբույժներն առաջին փուլում հեռացրել են պրոթեզն ու ախտահարված հյուսվածքները եւ հակաբիոտիկներով ոսկրային ցեմենտ են տեղադրել: Վիրահատությունը կատարվել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի դպրոցի՝ բարձրակարգ մասնագիտական մակարդակ ունեցող բազմաթիվ ներկայացուցիչներից մեկի՝ «Իզմիրլյան» ԲԿ օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի նորանշանակ ղեկավար Սահակ Սարիբեկյանի գլխավորությամբ։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սահակ Սարիբեկյանը նշեց, որ էնդոպրոթեզավորման մեջ ինֆեկցիան համարվում է ամենածանր եւ վտանգավոր բարդությունը, որը կարող է ամբողջ օրգանիզմի ինտոկսիկացիա եւ արյան վարակում հարուցել: «Ինֆեկցիոն պրոցեսը բազմափուլ բուժման անհրաժեշտություն է ստեղծում: Առաջին փուլում հեռացնում են էնդոպրոթեզը եւ ախտահարված հյուսվածքները, մշակում հարակից հյուսվածքները եւ էնդոպրոթեզի փոխարեն ոսկրային ցեմենտից պատրաստված եւ հակաբիոտիկներ պարունակող ժամանակավոր սփեյսեր են տեղադրում։ Հակաբիոտիկները աստիճանաբար՝ 3-4 շաբաթվա ընթացքում ներծծվում են»,- ասաց նա:

Այս հիվանդի դեպքը բարդ էր նաեւ այն պատճառով, որ բազմաթիվ վիրահատություններից հետո նրա մոտ ոսկրի ակնհայտ արտահայտված դեֆիցիտ կար: Ինֆեկցիան կանգնեցնելու համար բժիշկները սփեյսերի մեջ երկրորդ հակաբիոտիկն են ավելացրել: Սա ռեւիզիոն էնդոպրոթեզավորման բազմափուլ վիրահատության առաջին փուլն է: Հաջորդ փուլերի անհրաժեշտությունը եւ ժամկետը ընթացքում կորոշվի: Բարենպաստ ընթացքի դեպքում հիվանդի մոտ կարող են նոր պրոթեզ տեղադրել 6-12 ամիս հետո:

Սահակ Սարիբեկյանի պարզաբանմամբ՝ ցանկացած, նույնիսկ ամենաորակյալ էնդոպրոթեզը ծառայության ժամկետ ունի, եւ որոշակի ժամանակ հետո այն պետք է փոխել կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակի: Բացի այդ, երբ 1990-ական թվականներին Հայաստանում սկսեցին կատարել էնդոպրոթեզավորման առաջին վիրահատությունները, վիրաբույժները ո՛չ համապատասխան գործիքակազմ ունեին, ո՛չ էնդոպրոթեզների անհրաժեշտ հավաքածու: Դրան հավելենք այն փաստը, որ քանի որ նախկինում Հայաստանում այսպիսի վիրահատություններ չէին կատարվել, նրանք բախվում էին անչափ բարձիթողի եւ ծանր դեպքերի հետ: Այսօր օրթոպեդներին հիվանդների մեծ հոսք է դիմում, որոնք վիրահատվել են այն տարիներին, եւ որոնք ռեւիզիայի կարիք ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում