Տագնապային-ֆոբիկ խանգարումներով 60 մարդկանցից մեկն է մասնագիտական օգնություն ստանում․մասնագետ

23 հոկտեմբերի, 2017  20:20

Դեպրեսիվ ու տագնապային ֆոբիկ խանգարումներն այսօր լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում՝ դրանցով տառապում է բնակչության առնվազն 15 տոկոսը, բայց ոչ բոլորը գիտեն իրենց խնդրի մասին ու ոչ բոլորն են դիմում բժշկի։ Հայաստանում այդ խանգարումներից տառապող 60 մարդուց 1-ն է ստանում մասնագիտական օգնություն։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է «Բժշկության ու բնական գիտությունների զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, հոգեբույժ Արամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ դեպրեսիվ ու տագնապային- ֆոբիկ խանգարումներով տառապող մարդկանց մեծ մասը չի հասկանում, որ խնդիրներ ունի ու չգիտի, որ այդ խնդիրը պետք է լուծել, դրա համար էլ օգնության չի դիմում։

Տագնապային- ֆոբիկ խանգարումը նեւրոտիկ վիճակ է, որի դեպքում առաջանում են կպչուն վախեր ՝ այսպես կոչված ֆոբիաներ, կպչուն մտքեր ու հիշեղություններ։ Այդ բոլոր մտքերը զգալիորեն վատացնում են հիվանդների կյանքի որակը, սակայն նրանք չեն կարողանում ինքնուրույն ազատվել դրանցից։

Ի՞նչ ախտանշաններով կարելի է հասկանալ, որ մարդն ունի դեպրեսիվ կամ տագնապային-ֆոբիկ խանգարումներ։

Հոգեբույժը նշեց, որ այդ խանգարումները նախ դրսեւորվում են տրամադրության ու աշխատունակության կայուն նվազումով, որը առնվազն 2 շաբաթ է տեւում։ Հիվանդները նաեւ զգում են տագնապ, անհանգստություն՝ առանց որեւէ լուրջ պատճառների, ներքին լարվածություն, տնից դուրս գալու կամ որեւէ գործողություն անելու վախ։

Այդ ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում հոգեբույժի դիմել, որն էլ հենց կորոշի հիվանդի հետագա բուժման ռազմավարությունը՝ եթե նրա վիճակը ծանր չէ, հոգեբույժը կարող է նշանակել հոգեթերապիա ու հիվանդին ուղարկել համապատասխան մասնագետի՝ հոգեբանի կամ հոգեթերապեւտի մոտ, իսկ եթե նրան ավելի լուրջ բուժում է պետք, նրանով կշարունակի զբաղվել հոգեբույժը։

Դեպրեսիվ խանգարումների մասին դասախոսությամբ Արամ Հովսեփյանը ելույթ է ունեցել միջազգային գիտաժողովում, որը նվիրված էր աֆեկտիվ ու տագնապային –ֆոբիկ խանգարումներին ու անցկացվում է Երեւանում հոկտեմբերի 23-ին ու 24-ին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում