Նախկին նախարար. Եթե անցյալում լիներ ՄՊՎ դեմ պատվաստումը, ես կնոջս չէի կորցնի

21 նոյեմբերի, 2017  13:04

20 տարի առաջ, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի 43-ամյա կինը արգանդի պարանոցի քաղցկեղի զոհ է դարձել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նոյեմբերի 21-ին, նա նշել է, որ եթե ավելի վաղ՝ մոտ 30 տարի առաջ, գոյություն ունենար մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը, իր կինը մինչեւ հիմա ողջ կլիներ:

«Քաղցկեղը սարսափելի բան է: Եթե մեկ ներարկումով հնարավոր է պաշտպանվել թեկուզ մեկ տարատեսակից, ապա արժե պատվաստվել», - ասել է նախկին նախարարը:

Գարդասիլ քառավալենտ պատվաստանյութի նկատմամբ, որը մի քանի շաբաթից Հայաստանի 13-ամյա աղջիկներին կսկսեն ներարկել,որոշ մարդկանց  բացասական վերաբերմունքի մասին խոսելով՝ նախկին նախարարը նշել է, որ նորամուծությունների նկատմամբ բացասաբար արտահայտվելը միշտ էլ հատուկ է եղել մարդկանց:

«Ինկվիզիցիան ոչնչացրել է բոլոր գիտնականներին, գիտության բոլոր ձեռքբերումները: Այրել են նրանց, ովքեր ասում էին, որ Երկիրը կլոր է եւ պտտվում է իր առանցքի շուրջ: Բայց այնուամենայնիվ, Երկիրը կլոր է եւ պտտվում է իր առանցքի շուրջ: Հակապատվաստումային շարժումը միշտ եղել է, կասկածողներ միշտ եղել են, սակայն պատվաստումներն, ամեն դեպքում, շատ կյանքեր են փրկում», - նշել է նախկին նախարարը:

Նա նաեւ հիշեցրել է, որ բնական ծաղիկ հիվանդությունը վերացավ միայն պատվաստման շնորհիվ, իսկ մինչ դրա ստեղծումը ծաղիկը խլել է ավելի շատ կյանքեր, քան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները միասին: Նույնը վերաբերում է նաեւ պոլիոմիելիտին, որը նույնպես շուտով Երկրի երեսից կվերանա:

Ինչ վերաբերում է արգանդի պարանոցի քաղցկեղին, ամեն տարի աշխարհում հաշվառվում է ոչ պակաս, քան 470 000 նոր դեպք, որից 65-67 տոկոսը՝ մահացու ելքով: Նախկին նախարարի տվյալներով, Հայաստանում տարվա մեջ ախտորոշվում է շուրջ 250 նոր դեպք՝ մահացու դեպքերի նույնքան տոկոսով:

Արարատ Մկրտչյանը կոչ է արել ծնողներին այնուամենայնիվ պատվաստել իրենց աղջիկներին, իսկ Առողջապահության նախարարությունը հորդորել է մտածել տղաների պատվաստման ծրագրի շուրջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում