Առաջին անգամ Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ–ում կիրառվել է Carto 3 եռաչափ նավիգացիոն համակարգ

15 դեկտեմբերի, 2017  22:01

Առաջին անգամ Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում  աբլյացիայի ժամանակ կիրառվել է Carto 3 եռաչափ  նավիգացիոն համակարգ։

50-ամյա Մ․Ա․-ն  դիմել էր «Էրեբունի» ԲԿ-ի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն պարոքսիզմալ տախիկարդիայի հաճախակի բռնկումների գանգատով: Պացիենտի խոսքով՝ վերջին տարիներին բռնկումները հաճախակիացել են եւ կրկնվում են գրեթե ամեն շաբաթ:

Որոշվել է էլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրություն անցկացնել հնարավոր աբլյացիայի կիրառմամբ: Պրոցեդուրան տեղային անզգայացմամբ իրականացրել է «Էրեբունի» ԲԿ-ի կաթետերացման լաբորատորիայում,   Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, բ․գ․ թ․Միհրան Մարտիրոսյանը:

Ըթացքում պարզ է դարձել, որ առիթմիայի օջախի հստակ որոշման, անվտանգ եւ արդյունավետ աբլյացիայի համար միջամտությունն անհրաժեշտ է շարունակել քարտեզավորման եռաչափ  համակարգի միջոցով։

Առիթմիայի օջախների ռադիոհաճախականության  աբլացիան հաջող եւ ապահով ավարտվել է: Հիվանդը Առիթմիոլոգիական բաժանմունքից դուրս է գրվել հենց հաջորդ օրը, վիճակը գնահատվել է բավարար:

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը սրտի 3D քարտեզավորման CARTO 3 նորագույն համակարգի ներդրման մասին (3D mapping system CARTO 3) հայտարարել էր նոյեմբերի վերջին ։

«Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ կատեթերային աբլյացիան այսօրվա դրությամբ առիթմիայի բուժման ամենաարդյունավետ եւ անվտանգ միջոցն է: Միջամտության ընթացքում ազդրի արյունատար անոթներից մեկով մտցվում է հատուկ կաթետեր, որի օգնությամբ մասնագետը գտնում է առիթմիայի համար «պատասխանատու» բջիջները եւ այրում դրանք:

Նախկինում այս միջամտության ընթացքում մասնագետներն ստիպված էին բավարարվել երկչափ պատկերներով, որոնք ստացվում էին ռենտգենի միջոցով, սակայն շնորհիվ  CARTO 3 -ի այժմ նրանց հասանելի է եռաչափ պատկերը. դրա շնորհիվ նրանք կարող են աբլյացիայի միջամտությունը կատարել հնարավորինս արդյունավետ ու անվտանգ: Ավելին, այդպիսի միջամտության ժամանակ պացիենտը ավելի քիչ ռենտգեն ճառագայթում է ստանում, քան ավելի հին սարքավորման կիրառման դեպքում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում