Կրկնվելու սովորությունը կարող է դեմենցիայի վաղ նշան լինել

19 դեկտեմբերի, 2017  09:40

Դեմենցիան մի քանի տարբեր հիվանդություններ է ներառում, որոնցից յուրաքանչյուրն իր ախտանիշներն ունի: Որպես կանոն, խոսքը մտածողության, շփման եւ հիշողության հետ կապված խնդիրների մասին է: Վերջերս Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիայի գիտնականները ցանկին եւս մեկ անհանգստացնող ախտանիշ են ավելացրել:

Նրանց խոսքով՝ երբ մարդը սկսում է կրկնվել, դա կարող է դեմենցիայի վաղ նշան լինել: Օրինակ՝ եթե մարդը սկսում է օրական մի քանի անգամ սափրվել, ինչ-որ իրեր հավաքել, տալ նույն հարցերը, դա պետք է տագնապ առաջացնի:

Գիտնականների խոսքով՝ այսպիսի կրկնողությունների պատճառը ուղեղի բջիջների «մարումն» է: Ըստ որում՝ արտաքին գործոնները կարող են լինել ե՛ւ նկարագրված ախտանիշների պատճառ, ե՛ւ դրանք սաստկացնող տարր: Փորձագետները շեշտում են, որ միեւնույն հարցերը տվող մարդիկ, հնարավոր է, փորձում են որոշակի տագնապ արտահայտել, օգնություն խնդրել, հաղթահարել անհանգստությունը կամ անձնական անվտանգության բացակայության զգացողությունը:

Ի դեպ, դեպրեսիան եւս կարող է դեմենցիայի ախտանիշ լինել: Տրամադրության փոփոխականությունը, բնավորության փոխվելը, ապատիան, ալարկոտությունը, գիտակցության խառնաշփոթը, տարածության մեջ կողմնորոշման խնդիրները, խոսակցության թելը կորցնելը՝ այս ամենը եւս տագնապահարույց ախտանիշներ են:

Ներկայումս աշխարհում դեմենցիայով տառապող գրեթե 47 մլն մարդ կա: Դեմենիցիայով անձանց թվի հետագա աճ է սպասվում՝ կապված աշխարհում կյանքի միջին տեւողության աճի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում