Հայաստանում չծխող մարդկանց 39.7 տոկոսը փակ հաստատություններում աշխատելիս կանոնավորապես ենթարկվում է ծխախոտի ծխի ազդեցությանը, իսկ 73.5 տոկոսը՝ ե՛ւ փակ հաստատություններում, ե՛ւ բացօթյա միջավայրում: Այս մասին լրագրողներին ասաց ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Լիլիթ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2016 թվականին առողջապահական համակարգի գնահատման վերաբերյալ ինստիտուտի հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ Հայաստանում տներում պասիվ ծխողների վերաբերյալ վիճակագրությունը նույնպես անմխիթարական է. ինստիտուտի տվյալներով՝ երկրի տների 53.4 տոկոսում ծխում են՝ երկրորդական ծխի ազդեցությանը ենթարկելով ընտանիքի չծխող անդամներին, այդ թվում՝ երեխաներին:
Լիլիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը կապված է մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականության մեծացման հետ: Երեխաները, որոց կողքին ծխում են, ավելի հաճախ են տառապում ասթմայով, բրոնխիտով, հաճախ են ունենում բնածին արատներ, եթե ներարգանդային զարգացման ժամանակ ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը: Մեծահասակների մոտ ծխախոտի ծուխը բերում է սիրտ-անոթային եւ ուռուցքային հիվանդությունների զարգացման:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում այսօր մեծ թվով ծխողներ կան, հատկապես տղամարդկանց շրջանում: Եվ պատահական չէ, որ հենց նրանց շրջանում էլ այդքան տարածված են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք վաղաժամ մահվան են հանգեցնում, ինչպես նաեւ թոքերի քաղցկեղը, որն անմիջապես ծխելու հետ է կապված (2015 թվականին գրանցվել է քաղցկեղի այս տեսակի 1564 նոր դեպք):
Հիշեցնենք, որ հասարակական վայրերում ծխելն արգելող նոր օրենքը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի 2018 թվականի 2-րդ եռամսյակի վերջին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում