Հայաստանում ծխողների միայն 22 տոկոսը ծխելուց կհրաժարվի ծխախոտի 4 անգամ թանկանալու դեպքում. հետազոտություն

19 դեկտեմբերի, 2017  15:31

Հայաստանում ծխողների միայն 22.1 տոկոսը ծխելուց կհրաժարվի, եթե երկրում ծխախոտը 2-4 անգամ թանկանա եւ 1000 դրամ արժենա: Այս մասին լրագրողներին ասաց «Էմպիրիկա» հետազոտական կազմակերպության ղեկավար Մարիամ Մխիթարյանը:

Կազմակերպության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ծխողների 38.3 տոկոսը կսկսի քիչ ծխել, եթե ծխախոտը թանկանա, 22.1 տոկոսը ծխելուց կհրաժարվի: Սակայն մնացյալ բոլոր ծխողները, իրենց խոսքով, նույնիսկ թանկանալու դեպքում կշարունակեն նույնքան ծխել, որքան հիմա:

Համանման արդյունքներ են գրանցվել NEWS.am Medicine-ի անցկացրած հարցմամբ: Հարցման համաձայն՝ ծխողների 3 տոկոսը ծխելուց կհրաժարվի, թե Հայաստանում ծխախոտը 20 տոկոսով թանկանա: Եվս 7 տոկոսը ծխելուց կհրաժարվի, եթե ծխախոտը թանկանա 50 եւ ավելի տոկոսով: Հարցվածների 4 տոկոսը նշել է, որ իրենք այնքան գումար ունեն, որ կարող են ծխել ծխախոտի ցանկացած գնի պարագայում: Հարցվածների 13 տոկոսն էլ նշել է, որ եթե նույնիսկ ծխախոտը մի քանի անգամ թանկանա, իրենք պատրաստ են ավելի քիչ գումար ծախսել ուտելիքի վրա եւ քիչ ուտել, բայց ծխելուց չհրաժարվել:

Նշենք, որ ամբողջ աշխարհում ծխախոտի գնի բարձրացումը համարվում է ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ եթե ծխախոտի գները բավականաչափ բարձր լինեն, շատ մարդիկ (հատկապես դեռահասները) պարզապես չեն կարողանա իրենց թույլ տալ գնել այն, ինչը հաստատ ի շահ  նրանց եւ նրանց ընտանիքների է:

Այսօր Հայաստանը համարվում է այն երկրներից, որտեղ ծխախոտը վաճառվում է առավել մատչելի գներով: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի գների բարձրացումը, փաստորեն, ստիպում է մարդկանց ծխելուց հրաժարվել, ծխախոտի գնի նույնիսկ 20 տոկոսով բարձրացումը բավականին զգալի հարված է նրանց գրպանին, եւ մարդիկ գերադասում են չծխել ու այդ գումարը ծախսել այլ բաների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում