«5:2» դիետայի հեղինակը չի կարողացել դրան հետեւել եւ նորն է ստեղծել

27 դեկտեմբերի, 2017  22:48

Հանրահայտ «5:2» դիետայի հեղինակ Ժաքլին Ուայթհարթը չի կարողացել հետեւել դրան եւ նորն է ստեղծել:

Ժաքլին Ուայթհարթը հռչակվել է «5:2» դիետայի մասին բեսթսելերով, որը նա թողարկել է 2012 թվականին: Սակայն հիմա նա խոստովանում է, որ այլեւս չի կարող հետեւել այս համակարգին: Այս պատճառով 42-ամյա կինը որոշել է նոր դիետա մշակել, որի օգնությամբ կարելի է ամսվա մեջ մինչեւ 6 կգ նիհարել:

«Ինձ համար դժվար է իմ կենսակերպի պարագայում դիետայի հետեւել: Բեռնաթափման օրերին էներգիաս չի բավականացնում, եւ ես ուտել շատ եմ ուզում: Այս պատճառով իմ նոր ծրագիրն ավելի իրատեսական է»,- պարզաբանել է նա իր որոշումը:

«5:2» դիետայի համաձայն՝ յուրաքանչյուր 5 օրը մեկ անհրաժեշտ է երկու օր ընդհանուր ծավալը սահմանափակել միայն 500 կամ 600 կալորիայով՝ կախված սեռից: Նոր հրահանգներով նիհարողը սոված մնալու կարիք չի ունենա, սակայն անհրաժեշտ է ճիշտ սնունդ ընդունել, իսկ յուրաքանչյուր 4 օրը մեկ ճաշացանկը փոխվում է: Բաղադրատոմսերը կարելի է գտնել Ոուայթհարթի նոր գրքում:

«Մարմինը չի հասցնում նոր սնունդին վարժվել, այդ պատճառով նյութափոխանակությունն ավելի արագ է կատարվում, եւ ճարպն ավելի արդյունավետ է այրվում»,- հեղինակն այսպես է մեկնաբանել իր նոր դիետան: Ուայթհարթի խոսքով՝ դիետային պետք է հետեւել ընդամենը 28 օր, մինչդեռ «5:2»-ին արժեր հետեւել մի քանի ամիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում