5 ավանդական ճաշատեսակ, որ Հայաստանում հնուց ի վեր մատուցվում են ամանորյա սեղանին

27 դեկտեմբերի, 2017  13:12

Հայերը այն սակավաթիվ ժողովուրդների թվում են, որոնք մինչեւ հիմա իրենց ավանդույթները պահպանել են տարբեր տոների, այդ թվում Ամանորի ժամանակ պատրաստվող ճաշատեսակների առումով, պնդում է հայտնի խոհարար, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տարբեր դարերում Ամանորը տարբեր ժամանակ են նշել՝ ինչ-որ ժամանակ նոր տարվա առաջին օրը մարտի 21-ն էր, իսկ անցյալ դարի 30-ական թվականներից այն սկսել են նշել հունվարի 1-ին: Ամանորյա սեղանի ճաշատեսակները հիմնականում կախված էին տարվա եղանակից, թե երբ էր տոնը նշվում: Այդուհանդերձ, մի քանի ճաշատեսակներ կան, որոնք ամանորյա սեղանին են դրվել թե՛ անցյալում, թե՛ այսօր:

Դոլմա

Դոլման բոլոր հայերի սիրած ճաշատեսակն է, որ վաղնջական ժամանակներից պատրաստել են ոչ միայն ամանորյա սեղանի համար, այլ նաեւ այլ տոների: Տարվա տարբեր եղանակներին դոլման պատրաստել են կաղամբի կամ խաղողի տերեւներից տարբեր լցոնմամբ՝ ինչպես մսային, այնպես էլ բանջարեղենային եւ լոբազգիների: Դոլման պատրաստել են նաեւ բանջարեղենով՝ լոլիկով, սմբուկով եւ պղպեղով. սա արդեն ամառային դոլմա է կոչվում:

Տարեհաց

Տարեհացը հացի տարատեսակ է, որն ավանդույթի համաձայն թխվում է Ամանորի նախօրեին, իսկ տոնի ժամանակ այնպես է բաժանվում, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամին մի կտոր հասնի: Տարեհացի մեջ, որպես կանոն, մետաղադրամ է դրվում, եւ համարվում է, որ ում այն ընկնի, նոր տարում հաջողակ կլինի:

Անուշապուր

Ինչպես նշեց Սեդրակ Մամուլյանը, անուշապուրը չրերից պատրաստված ապուր է՝ տարբեր ձավարեղենի, ոսպի, ոլոռի հավելմամբ: Ավանդաբար այս ճաշատեսակը մատուցվել է ամանորյա սեղանին, եւ չնայած հիմա քչերն են այն տանը պատրաստում, ավանդական խոհանոցով ռեստորաններում կարելի մի քանի տարբերակներ գտնել:

Կճախաշ

Կճախաշը եւս մեկ ավանդական ճաշատեսակ է՝ լոբուց, հաճարից եւ այլ հատիկային բույսերից պատրաստվող, որը եփում են հատուկ կավե կճուճի մեջ:

Քաշիկա

Քաշիկան շատ նման է ավանդական եւ բոլորի կողմից սիրված հարիսային, սակայն հավի մսի փոխարեն, որպես կանոն, տավարի միս է օգտագործվում: Ինչպես եւ հարիսան, քաշիկան պատրաստվում է ձավարից թոնրի մեջ կավե կաթսայով, սակայն, ի տարբերություն հարիսայի, այն չեն խառնում: Համարվում է, որ այս ճաշատեսակը գալիք տարին է խորհրդանշում, եւ եթե այն խառնեն, տարին անհաջող կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում