Սթրեսն արագացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը. հետազոտություն

13 հունվարի, 2018  23:40

Սթրեսն արագացնում է քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը, պնդում են Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Գիտնականների խոսքով՝ սթրեսը հորմոններ է ազատում, որոնք պատասխանատու են «խփիր կամ փախիր» ռեակցիայի համար, որոնք էլ, ըստ երեւույթին, արագացնում են ուռուցքի աճը: Իսկ ահա այդ հորմոնները ճնշող բետա-բլոկատորներ կատեգորիայի դեղերը կարող են մեծացնել քաղցկեղի այս տեսակով հիվանդների կյանքի տեւողությունը:

Գիտնականները լաբորատոր մկների վրա անցկացրած փորձերով հայտնաբերել են, որ սթրեսի հորմոնների ճնշումը վերապրելիությունը մեծացնում է: Ենթաստամոքսային գեղձի մետաստազավորված քաղցկեղով հիվանդների լրացուցիչ անալիզը ցույց է տվել, որ սրտի հիվանդությունների բուժման համար նախատեսված սելեկտիվ բետա-բլոկատորներ ընդունած հիվանդները ապրել են գրեթե 2/3-ով ավելի երկար, քան նրանք, որոնք չեն օգտագործել այդ դեղերը:

Գիտնականները ենթադրում են, որ սթրեսի հուզական եւ հոգեբանական գործոնները կարեւոր դեր են խաղում ոչ միայն այս, այլեւ բոլոր մնացած ուռուցքների զարգացման մեջ: Տվյալ արդյունքն ապահովվում է սիմպատիկ նյարդային համակարգի աշխատանքի հաշվին, որը օրգանիզմը էներգիայի հոսքով ապահովող հորմոններ է արտադրում, որոնց օգնությամբ կարող է արձագանքել վտանգներին:

Որոշ կենսաբաններ մերժում են այս գաղափարը, քանի որ սթրեսի մակարդակը դժվար է չափել: Մյուսները հարց են բարձրացնում, թե սթրեսը հատկապես ինչպես է կապված կենսաբանական պրոցեսների հետ, որոնք ներառում են ԴՆԹ մուտացիաները եւ ենթաստամոքսային գեղձի նման որոշակի օրգանի ներսում քաղցկեղի բջիջների աճը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում