Բջջային թերապիա ցրված սկլերոզի բուժման համար

28 ապրիլի, 2014  12:37

Նոր Ամերիկյան հետազոտությունը  ցույց է տվել, որ որպես B-բջիջներ հայտնի արյան սպիտակ բջիջներին ուղղված բուժումը կարող է օգնել ցրված սկլերոզով (ՑՍ) մարդկանց:

Հետազոտությանը մասնակցել են ցրված սկլերոզի պարբերաբար կրկնվող ձեւով 231 մարդ: Հիվանդության այս ձեւի դեպքում այն ակտիվանում է, ապա դառնում է ավելի քիչ ինտենսիվ, եւ հիվանդները կարող են ունենալ ֆունկցիաների մասնակի կամ ամբողջական վերականգնում, հաղորդում է WebMD-ին:

Հետազոտողները հիվանդներին են տվել Ofatumumab անվանմամբ դեղամիջոցի ցածր դեղաչափեր եւ անվնաս պլացեբո: Ofatumumab-ը «հակամարմին է B-բջիջների դեմ» եւ դեռեւս հաստատված չէ ցրված սկլերոզի բուժման համար: Հետազոտությունը ֆինանսավորվել է դեղամիջոցի արտադրող GlaxoSmithKline ընկերության կողմից:

Հետազոտողները՝ Դարրին Օստինի գլխավորությամբ՝ GlaxoSmithKline-ից, վերլուծել են դեղամիջոցի ազդեցությունը պլացեբոյի հետ համեմատած՝ ուսումնասիրելով 12 շաբաթների ընթացքում գլխուղեղի նոր ախտահարումների քանակը:

Թիմը համեմատել է մասնակիցների B-բջիջների քանակը սկանավորմամբ հայտնաբերված գլխուղեղի նոր վնասումների թվի հետ: Չնայած այն բանին, որ բոլոր մասնակիցները առաջին 4 շաբաթների ընթացքում ախտահարումներ են ունեցել, հետազոտությունը ցույց է տվել, որ հակա-B-բջիջների ցանկացած դեղաչափով թերապիա ստացած հիվանդները 4-12-րդ շաբաթների ընթացքում հիվանդության ավելի քիչ ակտիվ ախտանիշներ են ունեցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում